Բաղդասարովն արդեն որոշե՞լ է

Բաղդասարովն արդեն որոշե՞լ է

«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում բավականին վստահորեն ասել է, որ համոզված է, թե իր պահանջը՝ օդանավակայանի ծառայությունների համար 25% զեղչ, չի բավարարվի և ինքն «Արմավիան» սնանկ կհայտարարի ու կվաճառի: Միաժամանակ, Մ. Բաղդասարովը տեղեկացրել է, որ «ՀՀ վարչապետը ստեղծել է հանձնաժողով, որն արդեն զբաղվում է այս հարցով»:

ՀՀ կառավարության մեր աղբյուրները հաստատեցին, որ հանձնաժողով ստեղծվել է, և այն, ամենայն հավանականությամբ, գլխավորում է ֆինանսների նախարարը: Թե հանձնաժողովն ի՞նչ ուղղությամբ է աշխատելու՝ դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի նախատեսված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների հանդիպումը՝ բանակցությունների սեղանի շուրջ: «Առաջին լրատվական»-ը փորձեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններից» պարզել, թե զիջումների գնալու ի՞նչ հավանականություն և հնարավորություններ կան, սակայն ընկերությունից մեզ պատասխանեցին, որ մինչև բանակցությունների ավարտը ոչինչ չեն մեկնաբանի, իսկ բանակցություններից հետո հանդես կգան հայտարարությամբ:

Մ. Բաղդասարովն իր հարցազրույցում նաև հերքել էր այն, որ ինքն առնչություն ունի սլովակյան ավիաընկերությանը՝ ասելով, թե՝ «դա չի հաջողվել, քանի որ մեծ ներդրումներ էր պահանջում, իսկ այժմյան հնարավորությունները դա թույլ չեն տալիս»:

Սակայն այն, որ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը նաև Slovakian Airlines ընկերության համասեփականատեր է, փաստում է այդ ընկերության պաշտոնական կայքը՝ Slovakian Airlines is a private airline owned by the Slovak entrepreneur Arnold Medzihradský and Mikhail Bagdasar from Russia:

Այս ամբողջ պատմության մեջ մի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Միխայիլ Բաղդասարովը նման աժիոտաժ ստեղծում և ինչո՞ւ պարզապես չի հայտարարում «Արմավիայի» վաճառքի մասին: