Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:40 | 2026-07-21
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականին հիշյալ պաշտոնյան նպատակադրվել է Վանաձոր համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցված 3,12 հա մակերեսով հողամասից առանձնացնել դրա մի մասը և օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ այն օտարել Վանաձոր քաղաքի բնակչին: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հիշյալ պաշտոնատար անձը փոխել է նշված անշարժ գույքից առանձնացված տարբեր մակերեսներով հողամասների գործառնական նշանակությունը և դրանց տրամադրել հասցեներ՝ այդ կերպ նշված հողամասերն առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ստեղծելով արհեստական հիմքեր:
Այնուհետև, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելու եղանակով, նույն պաշտոնյան Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող հողամասերն առանց ավագանու որոշման, ուղղակի վաճառքի եղանակով օտարել է Վանաձոր քաղաքի բնակչին, որի հետևանքով համայնքը զրկվել է համայնքային սեփականություն հանդիսացող՝ 24.890.000 դրամ շուկայական արժեքով գույքը տնօրինելու հնարավորությունից:
Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:
Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74
