Հայաստանի կարեւոր որոշումը՝ մի կողմից Անկարայի, մյուս կողմից Փարիզի հետ շփումներից հետո

Հայաստանի կարեւոր որոշումը՝ մի կողմից Անկարայի, մյուս կողմից Փարիզի հետ շփումներից հետո

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը կայացրել է Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշում: ԱԳՆ հայտարարության մեջ այդ որոշման հիմնավորման համար հղում է արվում միջազգային իրավունքին եւ մասնավորապես իրսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասով՝ «երկու պետություն» բանաձեւի վերաբերյալ ՄԱԿ որոշմանը: «Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին: Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ», հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը: Սա անշուշտ կարեւոր որոշում է, որն ունի իհարկե Հայաստանի համար էական աշխպարհաքաղաքական նրբերանգներ: Այս որոշումը շատերը կփորձեն ներկայացնել որպես որոշում Իսրայելի դեմ: Գործնականում սակայն, Երեւանը կայացնում է որոշում ոչ թե «դեմ», այլ «կողմ» տրամաբանությամբ՝ կողմ միջազգային իրավունքին եւ սկզբունքներին: Միեւնույն ժամանակ, Երեւանի այդ որոշումը ըստ էության առչվում է Հայաստանի անվտանգության ընդգրկուն միջավայրին, որը առանցքայնորեն ներառում է մերձավորարեւելյան ռեգիոնը, որտեղ այսօր ծավալվում են բավականին էական թե ռազմական, թե քաղաքական զարգացումներ, որոնք անշուշտ պարունակում են աշխարհաքաղաքական եւ աշխարհակարգային առավել ընդգրկուն շերտեր: Այդ իմաստով, թերեւս ավելորդ չէ ուշադրության արժանացնել այն, որ Հայաստանը Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարությունն անում է մի կողմից Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո՝ իսկ դա ուշադրության է արժանի Իսրրայել-Թուրքիա եւ Իսրայել-Ադրբեջան բավականին բազմաշերտ եւ բազմիմաստ փոխհարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետ Հայաստանի որակապես նոր ռազմա-տեխնիկական համաձայնագրի ֆոնին, այստեղ էլ հաշվի առնելով մերձավորարեւելյան հարցերում Փարիզի շահագրգռությունները եւ դիրքորոշումները: