Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բորելին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բորելին

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն արձագանքել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին։ Վերջինս, հիշեցնենք, Եվրախորհրդարանի անդամների հարցերին ի պատասխան, կոչ է արել Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ բանտարկյալներին և ապահովել ղարաբաղյան տարածաշրջանից հեռացած հայերի իրավունքները։ Հաջիզադեն Բորելի հայտարարությունները որակել է հայերին հաճոյանալու փորձ․ «Ադրբեջանը, որպես մարդասիրական ժեստ, միջազգային մարդասիրական իրավունքի իր պարտավորությունների համաձայն, 2020 թվականի պատերազմից հետո ազատ է արձակել և հայրենադարձել ավելի քան 200 կալանավորված հայի, որոնք գտնվել են ռազմագերու կարգավիճակում կամ համարվել են կալանավորված»: Անդրադառնալով Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանավորմանը՝ Հաջիզադեն ասել է, թե նրանց մեղադրանք է առաջադրվել, հետաքննություն է ընթանում։ Նա հիշեցրել է, որ այդ անձինք կարող են պահվել կալանքի տակ մինչև քննության ավարտը և, անհրաժեշտության դեպքում, մինչև պատժի կրումը․ «Այս կրիտիկական պահին Ադրբեջանն ակնկալում է, որ ԵՄ-ն զերծ կմնա կանխակալ հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղ ջանքերը»,- իր խոսքն ամփոփել է Հաջիզադեն: