Գերմանիայում անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդրին

Գերմանիայում անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդրին

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես ՄԿՈւ ոլորտում GIZ-ի հետ համատեղ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի ընդունումը և ներկայում ենթաօրենսդրական ակտերի մշակման, ինչպես նաև դուալ կրթության ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ներգրավման միջոցով: Անդրադարձ է եղել «Ակադեմիական քաղաք» ծրագրին և այս համատեքստում գերմանական ընկերությունների հետ համագործակցությանը, ինչպես նաև հետագա հնարավոր աջակցությանը: Հետազոտական ծրագրերի զարգացման ուղղությամբ գերմանական կողմը կարևորել է շինարարության ոլորտում հնարավոր համագործակցությունը: Գերմանական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն արձագանքում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների կարգավորմանը, և ինչ խնդիրներ կան այդ առումով: Նախարարը ներկայացրել է Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը, այդ թվում՝ բռնի տեղահանվածների կրթության, բնակարանային և այլ իրավունքների իրացմանն ուղղված միջոցառումները՝ նշելով այս ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբման անհրաժեշտությունը: