Բանակի հարցում իշխանություն-ընդդիմություն ուխտ պետք է լինի

Բանակի հարցում իշխանություն-ընդդիմություն ուխտ պետք է լինի

Սպառազինությունների առհասարակ ռազմական համագործակցության հարցերը, որպես կանոն, հրապարակային թեմա չէ: Նույնիսկ եթե խոսքը դիպուկահար հրացանի կամ կապի դաշտային միջուկների մասին է: Ապրիլյան քառօրյա մարտերից առաջ մի շրջան եղավ, երբ Ադրբեջանը բացահայտեց Ռուսաստանից, Իսրայելից, Բելառուսից եւ Թուրքիայից ձեռք բերվող սպառազինությունները: Զուգահեռաբար քարոզվում էր նաեւ «տեղական արտադրության» դիպուկահար զենքը: Դա ուղղորդված քարոզչություն էր, որ մի նպատակ էր հետապնդում՝ հայկական կողմին վախ ներշնչել, որ «շփման գծի» ոչ մի հենակետ ապահովագրված չէ մոտ երեք կիլոմետր հեռահարության՝ «Իսթիգլալ» դիպուկահար հրացանի կրակոցից: Այսօր, երբ բաց աղբյուրներում տեղեկատվություն է տարածվում, որ Հայաստանը Ֆրանսիայից կամ Հնդկաստանից, կամ այլ երկրից այսինչ սպառազինություն է գնում, Բաքվի արձագանքը, որ Երեւանը «նախապատրաստվում է ռեւանշ-պատերազմի» մի կողմից սեփական հնարավոր ագրեսիան քարոզչությամբ ապահովագրելու նպատակ ունի, մյուս կողմից, երեւի, Բաքուն ելնում է իր փորձից: Սոցիալական ցանցերում խոսում են, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը կասկածել է սպառազինությունների մասին տեղեկատվությանը եւ ասել, որ «եթե ունեն՝ թող կիրառեն,»: Ըստ երեւույթին, իշխանությունը սպառազինությունների թեման հարպարակայնացնում է ներքաղաքական նկատառումներով: «Նախկինների ժամանակ չկար, այսօր ունենք,» - սա է, երեւի, մոտիվացիան, ինչին էլ հակադարձել է ընդդիմությունը: Սա արդեն լուրջ չէ, որովհետև բանակի, սպառազինությունների ձեռքբերման, ԶՈՒ կառուցվածքային եւ ֆունկցիոնալ վերակազմավորման հարցերը իշխանություն-ընդդիմություն քաղաքական բանավեճից պետք է դուրս լինեն: Տրվել գայթակղության, որ այստեղ նախկինների, գործող իշխանությունը դիվերսիֆակացնում է անվտանգային միջավայրը՝ նաեւ արտաքին քաղաքական խնդիրներ է հարուցում: «Փաշինյանը եւ Մակրոնը Հարավային Կովկասում նոր պատերազմ են ծրագրում,» - գրում է Բաքվի իշխանական լրատվամիջոցը, բայց հղում է անում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինին: Քարոզչական մատրիցան այնպիսին է, որ հավանական սրացման համար Բաքուն իրենից ուղղակի պատասխանատվությունը հեռացնում է: Մյուս կողմից Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսույթ է գեներացնում, որ Ադրբեջանի «տարածքի 20 տոկոսը 30 տարի օկուպացրած երկրի վերազինումն օրինական չէ»: Հայաստանի արտգործնախարարությունը, իհարկե, պատասխանել է, որ սեփական անվտանգության ապահովումը ցանկացած երկրի սուվերեն իրավունքն է, բայց երբ հայաստանյան տեղեկատվական դաշտում այդ նարատիվը միակը-միասնականը չէ, Ադրբեջանը փորձում է դա ծառայեցնել իր շահերին: «Բա որ Ադրբեջանն է զինվում, Մոսկվան ինչու՞ չի անհանգստանում» կամ այս կարգի այլ դիտարկումները միայն ժամանակ եւ էնեգիան են խլում: Իրականությունը թելադրում է իր պայմանները։ Հայաստանի Զինված ուժերը պետք է բարեփոխվեն։ Ի՞նչ սկզբունքներով եւ պարամետրերով, պետական գաղտնիք է։ Բանակի վերակազմավորումը «պաղպաղակի արտադրություն չէ»։ Ի ցույց դնես կամ ընդդիմությունն ասի։ «Ներկայացրու, որ համոզվեմ»։ Գոնե այս հարցում իշխանություն-ընդդիմություն ուխտ պետք է լինի։