Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում

Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում

Ucom-ը գործարկել է ուսանողական ծրագիր, որի շրջանակում բուհերի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները կարող են արձակուրդի շրջանում պրակտիկա անցնել ընկերությունում։ Ծրագրի շրջանակներում ուսանողները մասնակցելու են մասնագիտական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների և պրակտիկա են անցնելու ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ զանգերի կենտրոնում։ Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ։ «Մեր UGeneration նախագիծը շատ առանձնահատուկ է մեզ համար, քանի որ կապված չէ մեր ամենօրյա գործունեության հետ, այլ թույլ է տալիս շփվել մեր երիտասարդների հետ, որոնք շուտով մուտք են գործելու աշխատաշուկա, ճանաչել նրանց, պատկերացնել, ինչ արժեքներով ու մտածելակերպով աշխատակիցներ են շուտով համալրելու մեր շարքերը։ Մյուս կողմից ուսանողներին այն թույլ կտա պրակտիկ hմտություններ ձեռք բերել, բիզնես մտածելակերպ զարգացնել, մասնագիտական ընտրության հարցում կողմնորոշվել և ոլորտի առաջատար մասնագետների հետ շփվել։ Վստահ եմ, սա շատ փոխշահավետ նախաձեռնություն է», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ծրագրին մասնակցելու համար կարելի է դիմել այստեղ։ Նշենք, որ ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողները կարող են ստանալ ճկուն գրաֆիկով աշխատանքի առաջարկ։  «Յուքոմ» ՓԲԸ Մամլո ծառայություն Էլ․ փոստ՝ [email protected]