«Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի. Բաժնի պետն ազատվել է. «Հրապարակ»

«Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի. Բաժնի պետն ազատվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում պաշտոնից ազատվել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ Էդիկ Անդրյանը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ բերդի օպերլիազորը դատապարտյալներից մեկից մի տոպրակ թզբեհ է ուզել վերադասի՝ Անդրյանի անունից։ Իսկ ձեռքի աշխատանք թզբեհները դատապարտյալները վաճառում են բավականին թանկ գներով։ Անդրյանի պահանջը կատարվել է, սակայն լուրը հասցրել են ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, ով իր մոտ է կանչել նախ օպերլիազորին, ով հաստատել է, թե պետի պահանջով է գործել, ապա՝ Անդրյանին, եւ հրահանգել է ազատման դիմում գրել։ Թզբեհի պատմությունը վերադասի ականջը գցելու համար օպերների միջեւ վեճ է սկսվել` մեկը մյուսի վրա է գցել, «ռազբորկան» վերածվել է ծեծկռտուքի։ ՔԿԾ-ի լրատվության բաժնից հաստատեցին, որ Էդիկ Անդրյանն ազատվել է հունիսի 18-ին, պատճառը «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելն է»: Կոնֆլիկտի մասին հարցին ՔԿԾ-ից նույն պատասխանը տվեցին, թե պետն ազատվել է տարիքի պատճառով։ Ի դեպ, նա ընդամենը 45 տարեկան է, այս պաշտոնին նշանակվել էր 2024 թ․ հունվարի վերջին, եւ առնվազն տարօրինակ է, որ ընդամենը 4 ամսից թոշակի է գնում: Փաստորեն, չնայած Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե ՔԿՀ-ները բարեփոխվել են, այնտեղ իրականում նույն անտերությունն է տիրում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում