Շրջիկ երաժիշտներին հեռացնում են կենտրոնից. ավագանին կքննարկի որոշման նախագիծը. «Ժողովուրդ»

Շրջիկ երաժիշտներին հեռացնում են կենտրոնից. ավագանին կքննարկի որոշման նախագիծը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի քաղաքի որոշ հատվածներում մշակութային գործունեության իրականացումը սահմանափակելու մասին որոշման նախագիծը. ու դա ավագանու՝ հունիսի 25-ի նիստում ընդգրկված միակ զեկուցվող հարցն է, մնացած 17 հարցերը չզեկուցվող են: Նախագծով, մասնավորապես, Երևանի որոշ հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը, ասել է թե՝ թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են Երևանի կենտրոնից: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետարանի կայքէջում հրապարակված նախագծից տեղեկացավ, որ շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը կարգելվի Երևան քաղաքի հետևյալ տարածքներում՝ Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք, Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք: Մեզ հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ նախագիծն առաջիկայում կքննարկվի հանձնաժողովում, հնարավոր է՝ որոշակի փոփոխությունների ենթարկվի մինչև ավագանու նիստի օրակարգ մտնելը։ «Կարող է առաջարկներ լինեն, ու ըստ այդմ՝ նաև որոշակի փոփոխություններ, բայց ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումն այն է, որ խնդիրը լուծվի», – ասաց նա»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: