Իրանը կդառնա միջուկային տերությու՞ն

Իրանը կդառնա միջուկային տերությու՞ն

«Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպման ելույթում Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանանին Մերձավոր Արեւլքում խաղաղության եւ կայունության երկու նախապայման է առաջադրել՝ Պաղեստինի պետության ստեղծում եւ Իսրայելի միջուկային զինաթափում: Ընդ որում, նա Պաղեստինի պետականության ճանաչումն ուղղակիորել է Իսրայելի կողմից «օկուպացված տարածքների ազատագրման» հետ: Բաղերին Նիժնի Նովգորոդ է մեկնել Իրանի նախագահի թեկնածուների պաշտոնական հաստատումից հետո: Նա փաստացի հայտարարել է, որ Իրանը կդառնա միջուկային պետություն, եթե Միացյալ Նահանգներն Իսրայելի տարածքից չհեռացնի իր միջուկային սպառազինությունը: Թեհրանի այդ պայմանը Վաշինգտոնի համար, ամենայն հավանականությամբ, անընդունելի է: Եւ խնդիրն այստեղ միայն Իսրայելի անվտանգությունը չէ: Միացյալ Նահանգները պարզապես չի կարող Մերձավոր Արեւելքից հեռանալ: Ուշագրավ է, որ ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը զուգահեռ Իրանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության անվերապահ աջակցության մասին հայտարարել է Չինաստանը, որ Մերձավոր Արեւելքում ազդեցության խնդիր է լուծում: Չինաստանը միջուկային տերություն է, Իրանի հետ ունի ռազմավարական համագործակցության պայմանագիր, ինչպես նաեւ ԲՐԻԿՍ-ի անդամ է, որտեղ Իրանը ներկայությունը ֆորմալ առումով պետք է հաստատվի աշնանը Կազանում կայանալիք գագաթաժողովին: ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպման է մեկնել նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, բայց՝ մոսկովյան «տրանզիտով» եւ հանդիպումներ ունեցել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկին հետ: Այս առթիվ թուրքական մամուլը գրել է, որ Ֆիդանը եւ Նարիշկինը քննարկել են Գազայի, Սիրիայի հյուսիսի իրավիճակը եւ «Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքումը». Նույն օրն Անկարայում կայացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը, որի ընթացքում շոշափվել է Շուշիում Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովի կազմակերպման հարցը: Ադրբեջանում Շուշին ճանաչվել է «իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք,» իսկ Էրդողանը, կարծես, գծել է Շուշիի «բացառապես թուրքական ինքնության» սահմանը: Ֆիդան-Նարիշկին ձեւաչափով Սիրիայի հյուսիսի իրավիճակի քննարկումը, կարծես, ենթադրում է այդ տեղաշրջանում Իրանի ներկայության անտեսում: Նույնը, գուցե, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ՝ Իրաքի հյուսիսում: Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանը ահռելի միջոցներ է ծախսել՝ ձեւավորելու այսպես կոչված «շիադավան աղեղ»: Այն ընդգրկում է Մերձավոր Արեւելքը, շոշափում Աֆրիայի հյուսիսը: Որեւէ հատվածում «աղեղի խզումը» ճակատագրական է, իսկ ծավալվող մրցակցության մեջ Իրանը դիրքեր պահելու հնարավոր երկու տարբերկ ունի՝ պահպանել եւ զարգացնել միջուկային ծրագիրը կամ փոխշահավետ համաձայնության հասնել կամ ԱՄՆ-ի, կամ Ռուսաստանի հետ: Իրանի նախագահական ընտրություններին կարճ ժամանակ է մնում: Այդ ընթացքում, սակայն Թուրքիան կարող է Սիրիայի հյուսիսում «հատուկ ռազմագործողություն» սկսել: Տպավորություն կա, որ քրդական փաստացի ինքնավարությունը տեղական ընտրությունները հետաձգել է ԱՄՆ հորդորով: Դա, գուցե, Թուրքիային «կազուս-բելի» չտալու միջոցով Իրանում նախագահական ընտրությունների մթնոլորտը չլարելու համար է: Բաց է մնում Իրանում ներքին կայունության ապահովման հարցը: Սոցիալական բողոքից զատ առկա է նաեւ անջատողականության դրսեւորման վտանգ: Ադրբեջանական մամուլը, մասնավորապես, բողոքի «պայթյուն» է ակնկալում Սիստան-Բելուջիստան նահանգում, որ Պակիստանին սահմանակից է: Արեւմուտքը, կարծես, Իրանի ներքին անկայունությամբ շահագրգռված չէ: Դա, իհարկե, կրոնապետության հետ հաշտության նախանշան չէ, բայց մյուս կողմից վկայում է, որ Իրանի «մասնատման» արեւմտյան նախագծի մասին փորձագիտական տեսակետները գոնե այս փուլում միայն ենթադրություն են: Թուրքիան կխանգարի՞ ռուս-ադրբեջանա-իրանական կոմունիկացիոն նախագծին: Աշխարհաքաղաքական նշանակության այդ միջանցքից հրաժարվելու դիմաց Իրանն ի՞նչ կարող է ստանալ Արեւմուտքից: