Մոսկվայի շարունակվող  երեսպաշտ ինքնարդարացումները

Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները

«Սեպտեմբերյան իրադարձությունները անհիմն տեղի չեն ունեցել: Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Ընդ որում, Երևանը մեզ այդ մասին չի տեղեկացրել։ Այդ ժամանակ շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարց չի քննարկվել։ Իհարկե, Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության այս որոշումը արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց պարագայում ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և դա ուղղակիորեն ազդեց խաղաղապահների գործունեության վրա», հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն իր հարցազրույցում: Գալուզինի հայտարարությունը պետք է բաժանել երկու մասի՝ Պրահայի վերաբերյալ Հայաստանի իշխանության հասցեին ավանդական դիտողություն, եւ Արցախում 2023 թվականին տեղի ունեցած ագրեսիա եւ էթնիկ զտում: Գալուզինը փաստորեն փորձում է մատուցել, որ սեպտեմբերի էթնիկ զտման «հիմքը» 2022 թվականի հոկտեմբերի Պրահան էր: Էքզիստենցիալ առումով, Արցախի շուրջ իրադարձությունների զարգացման տրամաբանության այդօրինակ հիմնավորումը ենթակա է քննարկման: Բայց, կոնկրետ էթնիկ զտման, սեպտեմբերյան ագրեսիայի եւ Արցախի բռնի հայաթափման «հիմնավորման» առումով Գալուզինը պարզապես արտահայտում է կեղծիք, դրսեւորում երեսպաշտություն, այնպես, ինչպես իհարկե միջազգային բոլոր դերակատարները աառ այսօր: Եթե անգամ Պրահայի համաձայնությամբ Երեւանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջության մաս, դա որեւէ կերպ հիմք չէր, որպեսզի Ադրբեջանը զինված հարձակման նոր փուլ սկսի Արցախի հայության հանդեպ եւ ռազմական շանտաժով պարտադրի կամ ամբողջական ենթարկեցում Ադրբեջանի պահանջներին՝ կամ հայաթափում: Ընդ որում, կրկնեմ, սա բոլորովին այն մասին չէ՝ արդարացվա՞ծ էր Պրահայի համաձայնությանը գնալու Երեւանի քայլը, թե՞ ոչ: Երեւանն էլ այստեղ ունի այն բացատրությունը, թե Ադրբեջանը սպառնում էր թե Արցախին, թե Հայաստանին, եւ պատերազմից հետո ռազմական աղետալի դիսբալանսի պայմաններում չստանալով անհրաժեշտ աջակցություն ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, Երեւանը ստիպված էր գոնե Հայաստանի սահմանի կայունության համար գնալ այդպիսի համաձայնությունների: Սա ընդունելի բացատրություն է, թե ոչ, պետք է որոշի հայ հանրությունը, այլ ոչ թե Գալուզինը, քանի որ առնվազն պակաս տրամաբանական ու հիմնավոր չէ, քան նույն Ռուսաստանի «արդարացումները» Պրահայով: Բայց, այդ ամենով հանդերձ, թե Ռուսաստանը, թե որեւէ մեկը որեւէ հիմք չունեն արդարացնելու Արցախի հանդեպ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան: Ընդ որում, խոսքը չի վերաբերում միայն 2023-ի սեպտեմբերին, քանի որ Արցախի դեմ «հիմնարար», բայց բացարձակապես անհիմն ագրեսիան Բաքուն սկսել է 2020 թվականի սեպտեմբերից: