Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը

ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է այս տարվա հունիսին և սեպտեմբերին մասնակցել պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հետ նախընտրական բանավեճին: Այդ մասին հաղորդում է Fox News-ը: Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանավեճին մասնակցել ցանկացած պահի և ցանկացած վայրում՝ նշելով, որ առաջարկված ժամկետները միանգամայն ընդունելի են իր համար: «Խարդախոտ Ջո Բայդենը բանավեճի ամենավատ մասնակիցն է, ում հետ ինձ երբևէ վիճակվել է գործ ունենալ: Նա չի կարող անգամ երկու բառ կապել իրար: Բացի այդ, ԱՄՆ պատմության վատագույն նախագահներից է»,- նշել է Թրամփը: Միաժամանակ, նա քննադատել է ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ բանավեճերի կազմակերպման համար պատասխանատու հանձնաժողովին՝ նշելով, որ ամբողջությամբ գտնվում է Դեմոկրատական ​​կուսակցության վերահսկողության ներքո: Ավելի վաղ Բայդենի նախընտրական արշավի կազմակերպիչներն առաջարկել էին Թրամփի հետ նրա բանավեճն անցկացնել հունիսին և սեպտեմբերին։ Գործող նախագահը հաստատել է, որ պատրաստ է բանավեճին: Այդպիսով, ինչպես նշում է Fox News-ը, ԱՄՆ նախագահական մրցավազքի մասնակիցներն այս անգամ, ըստ ամենայնի, կխախտեն մի քանի տասնամյակ պահպանվող ավանդույթը, որի համաձայն՝ նման միջոցառումներն անցկացվում են ոչ թե երկու, այլ երեք անգամ և բացառապես աշնանը։ Թրամփը և Բայդենը նման բանավեճեր անցկացրել են 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Լրատվամիջոցների գնահատմամբ՝ այն ժամանակ Բայդենը հաջողությամբ էր լուծել իր խնդիրը: Հարցումների համաձայն՝ այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում Թրամփը ռևանշի հասնելու և Սպիտակ տուն վերադառնալու հնարավորություն ունի: