Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն

Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն

«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում. միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ՝ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին: Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի մարտահրավերներին համատեղ նորարարական լուծումներ գտնելու ուղղությամբ ջանքերը: Նախարարը այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային խոշոր ապահովագրական կազմակերպություն, ծանոթացել միջազգային բարձր չափանիշներով գործող համակարգի առանձնահատկություններին, ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները: Այցի արդյունքները ամփոփվել են Աբու Դաբիի Առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր ալ Մանսուրիի հետ հանդիպման ժամանակ: Քննարկվել են ինչպես առողջության համապարփակ ապահովագրության, այնպես էլ առողջապահական այլ ուղղություններում փոխգործակցության հնարավորությունները: Լուսանկարում` Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի և Առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր ալ Մանսուրիի հետ: