Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը

Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպմանը քննարկվել են Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի (PSMP4) ղեկավար Արման Վաթյանի և ծրագրի համաղեկավար Խուրամ Ֆարուքի կողմից Արդարադատության նախարարությունը գնահատվել է որպես կազմակերպության հետ Հայաստանի պետական մարմիններից ամենաարդյունավետ համագործակցություն իրականացնողներից մեկը, կարևորվել է Համաշխարահային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի անխախտ կատարման անհրաժեշտությունը և քննարկվել են բոլոր ծրագրերի իրականացման ժամանակացույցերն ու առկա խնդիրները: Ըստ աղբյուրի՝ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը շեշտել է Համաշխարհային բանկի պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության հետ համատեղ իրականացվող էլեկտրոնային արդարադատության ծրագրերի կենսական կարևորությունը թվայնացման գործընթացների շրջանակում, որոնց թվում են e-criminal court, e-notary, e-register, e-penitentiary ծրագրերը: Նշվում է, որ քննարկմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը, Համաշխարհային բանկի ծրագրերի խմբի ղեկավար Ահարոն Մկրտչյանը, SIGMA ընկերության ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը և հանրային ոլորտի մասնագետ Նանե Հարությունյանը: