Եթե սկսվի ռուս-թուրքական «սառցե դարաշրջանը»

Եթե սկսվի ռուս-թուրքական «սառցե դարաշրջանը»

Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, "İndependent Türkçe-ի սյունակագիր Ֆաիկ Բուլութի գնահատմամբ Թուրքիան ձգտում է Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերությունների, դրա համար է «նախագահ Էրդողանը մայիսի 9-ին հրավիրվել Սպիտակ տուն»: Նա համարում է, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բարելավումը «նպաստում է նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսությանը»: Բուլութը համարում է, որ Ադրբեջանը «չափից դուրս գերագանահատում է քառասունչորսօրյա պատերազմի հաղթանակը, որին հասել է Թուրքիայի համակողմանի աջակցությամբ»: Ես չեմ ներկայացնում պանթուրքական գաղափարախոսությունը, բահց պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանը, չնայած ղարաբաղյան պատերազմում Թուրքիայից ստացած անգնահատելի աջակցությանը, դեռեւս չի ճանաչել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, -Բաքվի «Թուրան», գործակալությանը հարցազրույցում մատնանշել է Բուլութը՝ հստակ արձանագրելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հաստատմանը «խչոընդոտում են պանթուրքիստները եւ Ադրբեջանի օգնությամբ վերջին տասնամյակներին Թուրքիայում հզորացած՝ էթնիկ ադրբեջանցիների  լոբբին»: Բուլութի մեկնաբանությունների համատեքստից կարելի է ենթադրել, որ նա մեծ հույսեր է կապում Բայդեն-Էրդողան հանդիպումից այն իմաստով, որ Թուրքիայի նախագահին կհաջողվի ԱՄՆ-ի հավանությանն արժանացնել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «բուֆերային գոտի ստեղծելու» ծրագիրը, ինչպես նաեւ ընդունելի դարձնել քառասունչորսօրյա պատերազմից հետո Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոն, բայց դժվարանում է կանխատեսել, թե փոխարենը Թուրքիայից ի՞նչ ակնկալիք է դրսեւորելու ԱՄՆ-ը: Նա ակնարկում է չափազանց վտանգավոր սցենարի՝ Բոսոֆոր-Դարդանելի լեղուցը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմանավերի առջեւ բացելու ամերիկյան հավանական «առաջարկության» մասին: «Մենք չգիտենք, թե ինչ կպատասխանի Թուրքիան, քանի որ դա նշանակում է վերածվել Ռուսաստանի թիրախի»- ավարտում է Բուլութը: Այս «հավանականությունը» խիստ կարեւորվում է, եթե նկատի ունենանք, որ Կրեմլում փակ հանդիպումից տեղեկատվություն է «արտահոսել» Պուտին-Լուկաշնեկո բանակցություններում ռուս-ուկրաինական կարգավորման «ստամբուլյան սկզբունքներին» վերադառնալու նպատակահարմարության քննարկման մասին: Ռուսաստանն, ըստ երեւույթին, մտավախություն ունի, որ Վաշինգտոնը կարող է Անկարային գայթակղել եւ կանխարգելիչ քայլ է անում՝ հիշեցնելով Ուկրաինայի հարցում Թուրքիայի միջնորդությունը, որ, ինչպես Մոսկվան է պնդում՝ «վերջին պահին ձախողվել է Վաշինգտոնի պահանջով»: Ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական բանակցություններում Իլհամ Ալիեւի հետքայլերը կապված են ռուս-թուրքական տարաձայնությունների հետ: Դրանք, երեւում է, չեն հարթվում. ՌԴ նախագահի Թուրքիա այցը դարձյալ հետաձգվում է: Էրդողանից «ոսկերչական դիվանագիտություն» է պահանջվում, որպեսզի Վաշինգտոն այցից հետո Վլադիմիր Պուտինին ընդունելու հնարավորությունը չփակվի: Իսկ եթե ռուս-թուրքական հարաբերություններում սկսվի «սառցե դարաշրջան» եւ զուգահեռաբար աճի Անկարայի հանդեպ Թեհրանի կասկածամտությունը, ապա հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարն ավելի է խճողվելու: