Քաղաքական երկրաշա՞րժ Թուրքիայում. զգուշացում Էրդողանին

Քաղաքական երկրաշա՞րժ Թուրքիայում. զգուշացում Էրդողանին

Թուրքիայի արեւելյան շրջաններում, որոնք հիմնականում քրդաբնակ են, սկսվել են անկարգություններ: Դրանց պատճառն այն է, որ մի քանի քաղաքներում, այդ թվում Վանում, Թուրքիայի ընտրական հանձնաժողովը չի ճանաչել ընդդիմության թեկնածուների հաղթանակը՝ պատճառաբանությամբ, որ դրա առնչությամբ կան դատական գործեր, եւ ժամանակավոր ղեկավար է նշանակել իշխող կուսակցության ներկայացուցիչների: Դա բերել է անկարգությունների: Այդ հանգամանքը վկայում է այն, ինչի մասին արդեն իսկ արձանագրեցի Թուրքիայում ՏԻՄ ընտրության արդյունքի վերաբերյալ անդրադարձում: Խոսքը այն մասին է, որ այդ ընտրությունը ցույց տվեց Թուրքիայի ներքին իրավիճակի անկանխատեսելիության բարձր աստիճանը: Թվում է, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահի ընտրությանը հաղթելուց հետո, Էրդողանը հաղթահարեց դրան նախորդած բարդությունները, այդ թվում նաեւ բնական աղետի՝ ավերիչ երկրաշարժի հետեւանքով ի հայտ եկած մարտահրավերները: Այդ տպավորությունն էր նաեւ այն պատճառով, որ նախագահի ընտրությունից հետո րեղան հասարակական ընդվզումներ, ընդդիմության միասնական թեկնածու Քըլըչդարողլուն ընդունեց պարտությունն ու ճանաչեց Էրդողանի հաղթանակը: Բայց, ՏԻՄ ընտրությունը ցույց տվեց, որ թուրքական ներհասարակական, քաղաքական «լավան» շարունակում է եռալ եւ փնտրել հորդալու տեղ: Ասել իհարկե, որ արեւելյան շրջաններում տեղի ունեցողը այն հրաբուխն է, որ կարող է լինեօ դրա հետեւանքով, թերեւս կլինի չափազանցություն: Սակայն, նախագահի ընտրությունից մեկ տարի անց Էրդողանին ցույց են տալիս, թե ինչ երերուն է աթոռը նրա տակ: Թուրքիայի արեւելյան շրջաններում տեղի ունեցողը քաղաքական երկրաշարժ է, որի մագնիտուդն ու բալայնությունը կիմանա թերեւս միայն Էրդողանը, լավ հասկանալով գուցե, թե որտեղից են գալիս քրդական ընդվզումների արմատները եւ ինչ զգուշացում են պարունակում դրանք: