Տիգրան Ավինյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնողներին

Տիգրան Ավինյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնողներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, որոնք դժգոհում են մայրաքաղաքում ծառերի փոխարինման գործընթացից։ «Երևանի քաղաքապետարանը վերջին երկու տարում 35 հա անտառ է տնկել՝ մոտավորապես 10.000 ծառ, և դա արել է ոռոգման համակարգի ներդրմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ծառերի 95%-ը «կպել է» և շարունակում է աճել։ Նա հիշեցրել է, որ քաղաքապետարանը նաև բարեկարգել է մի շարք այգիներ։ Ավինյանը տեղեկացրել է, որ անտառ տնկվել է մարզահամերգային համալիրի մոտ, Սարալանջի մոտ, «Եռաբլուր»-ում։ Քաղաքացու հարցին ի պատասխան Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ առողջ ծառերը չեն հատվում. «Հարգելի Վիկտոր, Ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում է, խնդրում եմ՝ գոնե Դուք մի խոսեք»,- ասել է նա՝ դիմելով Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանին։ Ավինյանը նաև նշել է, որ թեղի ծառատեսակը հիմա փոխարինվում է. «Բոլոր նոր այգիները կանաչ զանգվածը միանշանակ ավելացնում են»։ Ըստ քաղաքապետի՝ 20-ից ավել գիտնականներ կարծիք են հայտնել, որ թեղիները պետք է հատվեն, ու նոր ծառեր տնկվեն։ Տիգրան Ավինյանը նաև նշել է. «Ձեզանից ակնկալում ենք գիտական կարծիք, որի հիման վրա, խնդիր չկա, պատրաստ ենք նորից փորձաքննություն իրականացնել»: