Ռուսաստանն իրոք շրջապատված է թշնամիներո՞վ, թե ինքն է ամենուր թշնամիներ ստեղծում

Ռուսաստանն իրոք շրջապատված է թշնամիներո՞վ, թե ինքն է ամենուր թշնամիներ ստեղծում

Ապրիլի 2-ին ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ԱԹՍ-եր են հայտնվել Թաթարաստանի երկնքում: Այս առթիվ պետական դումայի պատգամավոր, պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլեւը սենսացիոն տեսակետ է հայտնել: Նա ասել է, որ «չկա հաստատող փաստ, որ ԱԹՍ-երն արձակվել են Ուկրաինայից» եւ հավանական համարել, որ դրանք «կարող էին արձակվել Կենտրոնական Ասիայի հանրապետություններից մեկի տարածքից»: Այս միտքը կարելի էր սոսկ վարկած համարել, եթե ՌԴ պետդումայի պատգամավոր-բարձրաստիճան զինվորականը խնդիրը չմասնավորեցներ այնպես, որ «այդ տափաստանային շրջանները, որ գտնվում են (Կենտրոնական Ասիայի) հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում, գործնականում անմարդաբնակ են եւ չեն վերահսկվում ոչ օդից, ոչ ռադիոտեղորոշիչ կայանքներով, այնտեղ կարելի է ամեն ինչ բերել»: Կենտրոնական Ասիայի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան շրջանները Ղազախստանի տարածքում են, իսկ Ղազախստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ եւ Ռուսաստանի բարեկամ երկիր է: ՌԴ նախագահ Պուտինը վերջին անգամ Աստանա է այցելել անցյալ նոյեմբերի սկզբին, կողմերը բարձր են գնահատել բոլոր բնագավառներում համագործակցության մակարդակը: Հենց Աստանայում է Վլադիմիր Պուտինը խոսել Ոսկե հորդայի եւ Ռուսաստանի պատմա-քաղաքակրթական ընդհանրությունների մասին: Ի՞նչ է փոխվել մի քանի ամիսների ընթացքում, որ պետական դումայի պատգամավոր Գուրուլեւն իրեն թույլ է տալիս կասկածել, որ Կենտրոնական Ասիայի «գործնականում անմարդաբնակ տարածքներից հնարավոր է Ռուսաստանի դեմ ԱԹՍ կիրառել»: Հարց է առաջանում. իսկ ինչու՞ ՀԱՊԿ-ը չի վերահսկում իր պատասխանատվության գոտու օդային տարածքը: Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ վստահությունն այնքան մեծ է, որ այդ «ճեղքի» հավանականությունն իսկ բացառվե՞լ է: Կենտրոնական Ասիայից ինչպե՞ս կարձագանքեն ՌԴ պետդումայի պատգամավորի այդ հայտարարությանը, կարձագանքե՞ն, թե՞ լռության կմատնեն՝ այլ հարց է: Առավել կարեւոր է թվում այն, որ ուկրաինական պատերազմի կրիտիկական փուլում, երբ փորձագետները կանխատեսում են կամ Ռուսաստանի լայնածավալ հարձակում, կամ դիրքային-հյուծիչ ռազմագործողությունների եւս մեկ-երկու տարով երկարաձգում, Մոսկվան տեղեկատվա-քարոզչական ֆոն է ստեղծում, որ գրեթե բոլոր կողմերից «շրջապատված է կամ թշնամի, կամ առնվազն ոչ բարեկամ երկրներով»: Ընդ որում, եթե մինչ այժմ «կասկածելի» էին Եվրոպային սահմանակից կամ դեպի Եվրոպա ձգտող նախկին խորհրդային հանրապետությունները, ապա գեներալ Գուրուլեւը սլաքներն արդեն ուղղում է Կենտրոնական Ասիային, կոնկրետ՝ Ղազախստանին: Ըստ երեւույթին, դեր է խաղում Կենտրոնական Ասիայի երկրների հետ Եվրամիության էներգետիկ, կոմունիկացիոն կապերի խորացման հեռանկարը: Ռուսաստանի նախագահ Պուտինը «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությունից հետո իրավիճակը գնահատել է «շատ բարդ»: Տաջիկստանից եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներից Ռուսաստանում աշխատող հազարավոր մարդիկ հեռանում են: Պուտինը հորդորել է, որ իրավապահները թույլ չտան «այլատյացության եւ իսլամաֆոբիայի հանրային դրսեւորումներ»: Այս համատեքստում պետական դումայի պատգամավորի կասկածանքը ոչ միայն արտառոց է հնչում, այլեւ կարող է հավելյալ լարվածություն սադրել նույնիսկ միջպետական հարաբերություններում: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը շահագրգռված է իր շուրջ «թշանամական օղակի» քարոզչությամբ՝ հանրային կարծիքը եւ տրամադրությունները կառավարելու «կարմիր գծից անդին» սկզբունքով: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Արեւմուտքը «երկրորդ ճակատ բացելու» ծրագիր ունի: Բայց մի՞թե Արեւմուտքը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի Կենտրոնական Ասիայում այնքան է ամրապնդվել, որ «գործնականում անմարդաբնակ տարածքներում ԱԹՍ-երի գործարկման ենթակառուցվածքներ է ստեղծել եւ օպերատորներ վարժեցրել»: Եթե այդպես է, ուրեմն ի՞նչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը, կառույց, որի գլխավոր քարտուղարն, ի դեպ, Ղազախստանի ներկայացուցիչն է: