Պերուի նախագահին մեղադրել են 500 հազար դոլար գումարի զարդեր ունենալու մեջ

Պերուի նախագահին մեղադրել են 500 հազար դոլար գումարի զարդեր ունենալու մեջ

Պերուի դատախազությունը երկրի նախագահ Դինա Բոլուարտեի դեմ ապօրինի հարստացման գործով հետաքննության է վարում, որի շրջանակներում պետության ղեկավարին մեղադրել է 500 հազար դոլար ընդհանուր գումարի թանկարժեք զարդեր ունենալու մեջ։ Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազ Խուան Կառլոս Վիլիենան Պերուի Կոնգրեսի հանձնաժողովի առջև ունեցած ելույթի ժամանակ։ «Մեղադրանքում նաև ներառված է Cartier ապարանջանի առկայությունը, որի արժեքը, ըստ բաց աղբյուրների, կազմում է 56 հազար դոլար: Այդ նույն աղբյուրներից հետևում է, որ ոսկերչական զարդերի արժեքը, որոնք վերջին երկու տարվա ընթացքում նախագահը կրել է արարողությունների ժամանակ, գերազանցում է 500 հազար դոլարը», - նշել է գլխավոր դատախազը: Վիլիենան հավելել է, որ դատախազությունն ուսումնասիրում է նաև Բոլուարտեի եկամուտների մասին հայտարարագիրն, ըստ որի՝ վերջին երկու տարվա ընթացքում նախագահը հարստացել է մոտ 116 հազար դոլարով։ Բացի այդ, հետաքննության շրջանակներում գերատեսչությունը մտադիր է պարզել պետության ղեկավարի բանկային հաշիվներում հայտնաբերված շուրջ 270 հազար դոլարի ծագման աղբյուրները։ Անցած շաբաթ իրավապահները խուզարկություններ են անցկացրել Պերուի նախագահ Բոլուարտեի տանը։ Հանրապետության դատախազությունը պետության ղեկավարին կասկածում է ապօրինի հարստացման մեջ: Մասնավորապես, նստավայրում հայտնաբերվել է մոտ 13 հազար դոլար արժողությամբ Rolex ժամացույց: Ներկայումս պարզվում են եկամտի աղբյուրները, որոնցով ձեռք են բերվել պերճանքի առարկաները: