Ադրբեջանը հարվա՞ծ է սպասում Իրանից

Ադրբեջանը հարվա՞ծ է սպասում Իրանից

Ադրբեջանն անհանգստացել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ջալալ Ռաշիդի Կուչիի հայտարարությունից: Իրանցի պատգամավորը հայտարարել է, որ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցված իսրայելական հարվածի, որի հետեւանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում գեներալներ, պետք է թիրախավորել արտերկրում Իսրայելի դեսպանատները: Իրանցի պատգամավորը մասնավորապես նշել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան մասին: Թերեւս ոչ պատահական, քանի որ տասնամյակների իրադարձությունների համատեքստում նորություն չէ, որ Ադրբեջանն Իսրայելի համար հակաիրանական հենակետ է, ինչով էլ պայմանավորված է եղել այդ երկրի հետ հարաբերության խորացման իսրայելական քաղաքականությունը: Բաքվի լրատվամիջոցները Իրանին խորհուրդ են տալիս չփորձել, քանի որ Ադրբեջանն ունի ուժեղ ՀՕՊ համակարգ եւ ուժեղ հատուկ ծառայություններ, իսկ փորձելու պարագայում խոստանում են «ցավոտ պպատասխան»: Ընդ որում, այդ համատեքստում Բաքվի մամուլը հիշատակում է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլի այցը Ադրբեջան, որ ավարտվել է նախօրեին եւ տեղի է ունեցել ռեգիոնալ այցի շրջանակում: Բաքվի մամուլը բազմիմաստ ակնարկում է, որ դրա ընթացքում քննարկվել է Իրանի գործողությունների դեմ Ադրբեջանի հնարավոր պատասխանի հարցը: Ինչ է քննարկել ամերիկացի բանագնացը Ադրբեջանում եւ ռեգիոնում ընդհանրապես, պարզ չէ, սակայն մի բան կասկածից վեր է՝ Ադրբեջանը իրեն դիտարկել ու դիտարկում է Իրանի հավանական եւ «լեգիտիմ» թիրախ, առնվազն այնքանով, որքանով Իրանն իր համար «լեգիտիմ» թիրախ է դիտարկում Իսրայելը: Չնայած Ադրբեջանը Իրանին հավաստիացնում է, թե Իսրայելի հետ բարեկամությունն ուղղված չէ Թեհրանի դեմ, այդուհանդերձ հազիվ թե Բաքվում ունեն Իրանի միամտության կանխավարկածով առաջնորդվելու տգիտություն: Բաքուն նույնիսկ չի դատապարտել Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ հարձակումը: Ադրբեջանի անհանգստությունը սակայն թերեւս ավելի խորն է կամ ավելի լայն, այսպես ասած՝ հյուսիսից հարավ, հաշվւ առնելով նաեւ այն, որ ադրբեջանական «կոդերը» ուրվագծվում են Կրոկուսի ահաբեկության մեջ, առնվազն այն հարցերի տեսքով, որ Ռուսաստանում հնչում են Կրոկուսի ադրբեջանցի հիմնադիր-սեփականատեր Աղալարովների հասցեին, որոնք մի ժամանակ Իլհամ Ալիեւի խնամին էին: Ի վերջո բոլորովին նորություն չէ այն, որ Ադրբեջանը մեղմ ասած պատրաստ է կապիտալիզացնել Ռուսաստանի եւ Իրանի միջեւ եղած իր դիրքը ոչ միայն որպես նրանց մջեւ կամուրջ, այլ հարկ եղած դեպքում՝ պատնեշ, կախված աշխարհաքաղաքական քամիներից: