ԱՄՆ սեղմում է օղակը Իրանի շուրջ. բանագնաց Կովկասում

ԱՄՆ սեղմում է օղակը Իրանի շուրջ. բանագնաց Կովկասում

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին ամփոփել է Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերը X սոցցանցի գրառումով: Նա եղել է Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում, հանդիպել տարբեր պաշտոնյաների հետ: Ըստ նրա տեղեկության, Հայաստանում նա հանդիպել է ԱԽ, ԿԲ, ՊԵԿ ներկայացուցիչների հետ: Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ կովկասյան երկրներում քննարկել է Իրանի հանդեպ պատժամիջոցների պահպանման հարցերը, «Իրանի ապակայունացնող վարքի խնդրի լուծման» հետ կապված հարցերը: Նախ ուշագրավ է, որ ամերիկացի պաշտոնյան ռեգիոն է ժամանել եւ հանդիպումներ ունեցել առանց ավելորդ ազդագրերի, եւ այցի վերաբերյալ ամփոփ հայտարարություն է անում դրա ավարտից հետո: Ըստ ամնայնի, նախապես ազդարարման բացակայության հանգամանքը խոսում է այն մասին, որ ամերիկյան կողմը փորձել է դրա շուրջ հնարավորինս նվազ հանրայնության միջոցով բարձրացնել այցի գործնականությունը եւ արդյունավետությունը: Արդյո՞ք ամերիկյան կողմը Կովկասի երկրների առաջ դրել է Իրանի հանդեպ պատժամիջոցների նոր «նշաձող» սահմանելու հարց, մասնավորապես այդ թվում՝ Հայաստանի առաջ, թե՞ ամերիկացի դիվանագետի այցը ունեցել է այսպես ասած հետախուզական նշանակություն, շոշափելու եւ հասկանալու համար, թե հնարավոր այդպիսի հարցադրումները ինչպիսի հավանության կամ դիմադրության կարժանանան կովկասյան երեք երկրներում: Այցի հանգամանքն ինքնին սակայն խոսում է այն մասին, որ ԱՄՆ մտադիր է սեղմել օղակը Իրանի շուրջ, եւ Կովկասն այդ առումով դիտարկվում է առանցքային շղթաներից մեկը, քանի որ դիտվում է Ռուսաստանի եւ Իրանի հաղորդակցության հիմնարար ուղիներից մեկը: Ըստ ամենայնի, այս հանգամանքը հայկական կողմի համար առանցքային հարց է առաջացնում ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող եռակկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի խնդիրներից մեկը պետք է լինի Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ գործակցության խորացման հարցերից բացի, նաեւ ապահոովել հայ-իրանական հարաբերության բազմաշերտ կարեւորության ընկալումը, ըստ այդմ դրա հանդեպ որեւէ սահմանափակման պահանջի բացառումը: