Իսրայելը «դավագգռում է» Իրանին. Նավթա-գազային նոր կոնսորցիում կձեւավորվի՞

Իսրայելը «դավագգռում է» Իրանին. Նավթա-գազային նոր կոնսորցիում կձեւավորվի՞

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հաստատել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի իսրայելական հրթիռակոճման հետեւանքով ապրիլի 1-ին զոհվել են ԻՀՊԿ գեներալներ Մոհամադ Ռեզա Զահեդին եւ Խադի Հաջի Ռահիմին, ինչպես նաեւ նրանց զինակից հինգ սպաներ: Irna գործակալությունը հաղորդում է, որ այդ առթիվ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է. «Նողկալի ռեժիմը մեր հերոսների ձեռքից հատուցում կստանա: Մենք նրանց կստիպենք ափսոսալ այդ եւ նման հանցագործությունների համար»: Հոգեւոր առաջնորդի գնահատմամբ՝ զոհվածները «ոչինչ չեն կորցրել եւ ստացել են իրենց պարգեւը, բայց կորստյան վիշտն Իրանի ժողովրդի եւ հատկապես նրանց ճանաչողների համար ծանր է»: Հետաքրքիր է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության կամ հարակից շենքի հրթիռակոծումը հաջորդել է Թուրքիայի մունիցիպալ ընտրություններից անմիջապես հետո կայացած՝ Թուրքիայի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցին: Միջազգային մամուլում իշխող տպավորություն է, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն «անկյուն է քշվել եւ վա-բանկ է գնում»: Նաթանյահուն մտավախություն կամ տեղեկություն ունի՞, որ Թուրքիան եւ Իրանը Մերձավոր Արեւելքում «համատեղ գործողություններ են մշակում,, կամ Արեւմուտքն Իրանի հետ «սեպարատ բանակցություններ է վարում»: Սիրիայի տարածքից Իսրայելը հարձակման չի ենթարկվել: Այս ֆոնին Դամասկոսում «իրանական թիրախի խոցումն» ավելի շատ Թեհրանին դավագրգռելու, պատասխան գործողությունների մղելու տպավորություն է թողնում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Թուրքիայի եւ Իրանի նախագահները քննարկել են էներգետիկ համագործակցության հետ կապված հարցեր: Մարտի վերջերին Բաքվի մամուլը գրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով Թուրքիա եւ Եվրոպա գազի արտահանման հարցով բանակցությունների մասին: Դա աշխարհաքաղաքական նշանակության նախագիծ է: Փորձագետների տեղեկացվածությամբ՝ Եվրամիությունը պատրաստակամ է ֆինանսավորելու նախագծի մի զգալի մասը: Գազայի հատվածում սրացումից ամիսներ առաջ միջազգային մամուլը գրել էր Եվրոպա գազի արտահանման նախագծի մասին, որի գլխավոր շահառուներից է Իսրայելը: Սիոնիզմի եւ իսլամի քաղաքակրթական անտագոնիզմը, որ Թեհրանը եւ Երուսաղեմը փոխադարձում են արդեն շուրջ կես դար, մեծ հաշվով իրական քաղաքականության ռեժիմում էական չէ: Շահերի համընկնման դեպքում Իսրայելը կարողանում է հաղթահարել գաղափարախոսական կաշկանդվածությունը: Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը դրա օրինակներից մեկն է: Իսկ այն, որ Իրանում հազարամյա հրեական համայնքներ կան եւ ոչ մի խտրականության չեն ենթարկվում, նույնպես փաստ է: Ցանկացած հակամարտության, ինչպես նաեւ համագործակցության հիմքում ազգային-պետական շահերն են, դրանց առանցքում՝ տնտեսությունը, առեւտուրը, կոմունիկացիաները: Իսրայելում, երեւի, փորձում են նվազագույնի հասցնել կամ լիովին չեզոքացնել Իրան-Արեւմուտք «պատմական հաշտեցման» հեռանկարը: Թուրքմենական գազն Իրանի տարածքով Եվրոպա հասցնելու նախագծի «կնքահայրը» բրիտանական ընկերություն է, այդ հարցով պոտենցիալ ներդրողների «կոնսորցիում ձեւավորելու» նախաձեռնողը՝ Ֆրանսիան: