Մակրոն-Բլինքեն. Իսրայելի հարվածից հետո եւ Բրյուսելի հանդիպումից առաջ

Մակրոն-Բլինքեն. Իսրայելի հարվածից հետո եւ Բրյուսելի հանդիպումից առաջ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Փարիզում եվրոպական տուրնեի շրջանակում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ամերիկյան կողմը հայտնել է, որ Մակրոն-Բլինքեն հանդիպմանը քննարկվելու է Ուկրաինայի իրադրությունն ու իրավիճակը Գազայում: Ինչ խոսք, կասկածից վեր է, որ Մակրոնն ու ԱՄՆ պետքարտուղարը թեկուզ այդ քննարկումների համատեքստում շոշափելու են ավելի լայն հարցեր, որոմնց թվում անկասկած կլինի Կովկասը, հետեւաբար նաեւ՝ Հայաստանը: Առավել եւս, որ հանդիպումից առաջ փաստացի տեղի է ունենում մերձավորարեւելյան լարվածության մի նոր ակտ՝ Իսրայելը հարված է հասցնում Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին, սպանելով իրանցի դիվանագետների եւ բարձրաստիճան զինվորականների: Իրանի արտգործնախարար Հուսեյն Աբդոլահիանը թվիթերյան գրառում է արել, որով հայտնել է, որ Իրանը Շվեյցարիայի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել «շատ կարեւոր» հաղորդագրություն, միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ին համարում է հարվածի համար պատասխանատու: Կասկածից վեր է, որ Մակրոնն ու Բլինքենը կքննարկեն այդ հարցը: Իսկ դա ուշագրավ է նաեւ այն համատեքստում, որ Ֆրանսիան օրինակ որոշակի շփումներ ունի Իրանի հետ, ընդ որում նաեւ Հայաստանում դեսպանների մակարդակով: Միեւնույն ժամանակ, բացի Մակրոն-Բլինքեն հանդիպմանը նախորդած հարվածը Իրանի հյուպատոսարանին, փարիզյան հանդիպմանը երեք օր անց կհաջորդի եռակողմ հանդիպումը Բրյուսելում՝ ԱՄՆ-Հայաստան-Եվրամիություն: Աներկբա է, որ Փարիզը հենց առաջին ձեռքից կհաղորդակցվի այդ հանդիպման օրակարգին եւ քննարկելիք շեշտադրումներին, հաշվի առնելով այն հարաբերությունը, որ Ֆրանսիան ձեւավորում է Երեւանի հետ, եւ այդ հարաբերության վրա հենված ռեգիոնալ դիրքավորումը, որ փորձում է կառուցել Փարիզը: Կա՞ն այստեղ տարբեր պատկերացումներ Փարիզի եւ Վաշինգտոնի միջեւ: Սա իհարկե շատ բարդ է ասել ստույգ, որովհետեւ դրանք լինելու պարագայում հազիվ թե կողմերն արտահայտեն հրապարակավ: Միեւնույն ժամանակ, պետք է թերեւս նկատել, որ չնայած հանգամանքին, որ խոսքը ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկու պետության մասին է, այդուհանդերձ ԱՄՆ ու Ֆրանսիան նույն տրամաչափի խաղացողներ չեն եւ նրանց չափումները, մասնավորապես Կովկասի առնչությամբ, ունեն տարբեր ելակետեր: ԱՄՆ համար Կովկասը ռազմավարական ճակատի «պատուհաններից» մեկն է, իսկ Փարիզի համար՝ կարեւոր դռներից մեկը: Այս հանգամանքը անշուշտ ենթադրելու է տարբեր հանգամանքներ, որոնք ունենալու են համադրման կարիք: Ինչ արդյունք կստացվի այդ առումով ապրիլի 2-ին Փարիզում, ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպումից առաջ: