Ստամբուլի վերընտրված քաղաքապետի կողմնակիցները պահանջել են Էրդողանի հրաժարականը

Ստամբուլի վերընտրված քաղաքապետի կողմնակիցները պահանջել են Էրդողանի հրաժարականը

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, ով մինչ ընտրությունները Ստամբուլի գործող քաղաքապետն էր, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին հաղթել է ձայների ավելի քան 10 տոկոս առավելությամբ: Այս հայտնում է թուրքական Artigercek-ը: Երբ Իմամօղլուն հայտարարել է իր հաղթանակի մասին, նրա կողմնակիցները դրոշներով, շչակներով և ավտոշարասյուներով հավաքվել են Ստամբուլի Սարաչհանե փողոցում, որտեղից էլ սկսել է Իմամօղլուի հաղթանակին նվիրված տոնախմբությունը: Երբ Էքրեմ Իմամօղլուն դուրս է եկել հավաքված կողմնակիցների առջև, ընտրողները սկսել են վանկարկել «Էքրեմ նախագահ» կարգախոսը: Իմամօղլուի հարցին ի պատասխան, թե ժողովուրդը իր քվեարկությամբ ի՞նչ ուղերձ է տվել նախագահին (խմբ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան), հավաքվածները սկսել են վանկարկել «Էրդողան հրաժարական» կարգախոսը: Իմամօղլուն հանգստացրել է հավաքվածներին և ասել. «Այս ամենի մասին կխոսենք»: