Թեհրանը որոշում կկայացնի՝ ինչպես արձագանքել Սիրիայում իր հյուպատոսության վրա հարձակմանը. Իրանի ԱԳՆ

Թեհրանը որոշում կկայացնի՝ ինչպես արձագանքել Սիրիայում իր հյուպատոսության վրա հարձակմանը. Իրանի ԱԳՆ

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել և որոշել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա դաժան հարձակմանն արձագանքելու և հարձակումն իրագործողին պատժելու եղանակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Քանաանին խստորեն դատապարտել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ապրիլի 1-ին տեղի ունեցած հարձակումը՝ նշելով, որ «Իսրայելի հարձակումը դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կոպտագույն խախտում է»։ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ գործողությունը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության և ՄԱԿ-ի կողմից, և անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն ագրեսորի դեմ։ Քանաանին հավելել է, որ Դամասկոսի հյուպատոսության վրա այս հարձակման մասշտաբները հետաքննության փուլում են, իսկ հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ: Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերվել ևս մի քանի հոգու մարմիններ։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։