Ողբերգությունից 16 տարի անց. ցանկությունները շատ քիչ են

Ողբերգությունից 16 տարի անց. ցանկությունները շատ քիչ են

Լրանում է մարտիմեկյան ողբերգության 16-րդ տարելիցը: 16 տարիների ընթացքում այս մասին թվում է թե ասվել է հնարավոր ամեն ինչ, սակայն առ այսօր ակնառու է, որ կան էական ու կարեւորագույն հարցեր, որոնք չեն ստացել եւ չեն ստանում պատասխան: Խոսքն անշուշտ թե 10 քաղաքացու սպանության մասին է, եւ թե իհարկե ավելի լայն հանգամանքների, որոնք զարգացան այն տրամաբանությամբ, որ Երեւանի կենտրոնում տեղի ունեցավ արյունալի ողբերգությունը: Ի վերջո, տասը քաղաքացիների սպանությունը այդ առավել էական հանգամանքների ծավալման ծանր հետեւանքն է: Մեզ, որպես հանրություն, պետություն, հարկ է հասկանալ, խորապես բացահայտել, ախտորոշել, թե ի՞նչ գործընթացներ ծավալվեցին թե այդ օրը, թե դրան նախորդող օրերին, եւ թե նախորդող ամիսներին ու տարիներին, որոնք հանգեցրին Երեւանի կենտրոնում արյունալի իրադարձությունների: Ձեւակերպումը, որ օրվա իշխանությունը ամենադաժան միջոցներով կանխեց իշխանության կորստի հնարավոր վտանգը, թերեւս իրավիճակի, ողբերգության մակերեսն է միայն, իսկ մնալ մակերեսին, նշանակում է այդպես էլ երբեք չհասկանալ, թե ինչ կատարվեց մեզ հետ, մեր պետության հետ: Իսկ չհասկանալ դա, նշանակելու է չհասկանալ, թե ինչ է շարունակում կատարվել, ինչպու են հետագա իրադարձությունները զարգացել այնպես՝ ինչպես զարգացել են, ինչու ենք մենք ունեցել այդ ընթացքի այս կամ այն հանգրվանը: Առավել եւս, որ Հայաստանը 2008-ի մարտի 1-ից հետո կարծես թե չի ունեցել որեւէ հանգիստ հանգրվան, եւ ավելին՝ մենք ապրել ենք աճող մարտահրավերների եւ բարդ զարգացումների պայմաններում: Ցավոք, Հայաստանում չկա թե հանրային միջավայր, թե քաղաքական-քաղաքացիական պատշաճ ինստիտուցիոնալ համակարգ, թե առավել եւս պետական ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը թույլ կտա հանրությանը հանդարտ, առանց մանիպուլյատիվ գործոնների գերակայության ուսումնասիրել մեզ հետ կատարված ողբերգության պատճառները, կարողանալ «սուզվել» եւ տեսնել խորքը: Ավելին, արվում է ամեն ինչ՝ հանրությանըւ մշշտապես մակերեւույթի վրա կենտրոնացնելու համար: Եվ, երբ Հայաստանի տարբեր մակարդակի պաշտոնյաներ կամ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե Մարտի 1 այլեւս երբեք չի կրկնվի, ապա այդ հայտարարությունը ըստ էության ոչնչով չի տարբերվում այն պաթետիկ, կենացային հռետորաբանությունից, որ Հայաստանում ծավալվում է տարբեր ուրախ եւ վշտալից առիթներով, որի ներքո ըստ էության չկա բովանդակություն, քանի որ չի եղել եւ չկա երեւույթների համապարփակ բացահայտում, որը թույլ կտա Հայաստանում իրականացնել ներհասարակական-ներքաղաքական կյանքի որակական այնպիսի վերափոխում, որ մարտիմեկյան ողբերգությունների որեւէ մոտ, թե հեռու, գործնական, թե տեսական ռիսկ բացառի ինստիտուցիոնալ, այլ ոչ անձերի մակարդակով: Որովհետեւ Հայաստանի հանրապետության եւ դրա քաղաքացիների հանդեպ այդօրինակ ռիսկերը գոյանում են մեծ եւ ազդեցիկ ինստիտուտների աշխատանքի արդյունքում, եւ այդ ռիսկերը հնարավոր է էապես կանխարգելել եւ արգելափակել միայն շատ, թե քիչ համարժեք ինստիտուտուցիոնալ համակարգեր ձեւավորելով, այլ ոչ թե մարդկային ցանկություններով՝ որքան էլ դրանք լինեն մեծ: