Ներքին Հանդի բնակիչները պատմել են, որ կրակոցների հետևանքով ահաբեկվել են, հայտնվել տագնապային վիճակում. ՀՀ ՄԻՊ

Ներքին Հանդի բնակիչները պատմել են, որ կրակոցների հետևանքով ահաբեկվել են, հայտնվել տագնապային վիճակում. ՀՀ ՄԻՊ

Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ փետրվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցերի առնչությամբ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: «Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակի հետևանքով խաթարվել են քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում»,- այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշտադիտարկման և մարդու իրավունքներին առնչվող փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։