Կոտայքում հանցագործությունների թիվը 2022 թ.-ի համեմատ աճել է. Վարդապետյանին է ներկայացվել մարզի դատախազության գործունեության 2023 թ.-ի արդյունքը

Կոտայքում հանցագործությունների թիվը 2022 թ.-ի համեմատ աճել է. Վարդապետյանին է ներկայացվել մարզի դատախազության գործունեության 2023 թ.-ի արդյունքը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 12-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի դատախազություն՝ ամփոփելու մարզի դատախազության կատարած աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները: Մարզի դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության կատարած աշխատանքները. զեկույցում ներառվել են տվյալներ՝ հանցավորության վիճակի, հանցագործությունների բացահայտման, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին վերաբերյալ: Ինչպես տեղեկանում է դատախազության տարածած հաղորդագրությունից, հանցավորության վիճակին անդրադառնալով՝ մարզի դատախազը նշել է, որ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 3102 դեպք (2022 թվականին՝ 2519 դեպք): Հանցագործության դեպքերն աճել են 583-ով կամ 23,1%-ով. բացահայտման ցուցանիշը նվազել է՝ 29,2%՝ 2022 թվականի 47,1%-ի դիմաց: Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է առանձնապես ծանր հանցանքների 42 դեպք (2022 թվականին՝ 29). դեպքերն աճել են 13-ով կամ 44,8%-ով, բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 38,3%՝ 2022 թվականի 54,8%-ի դիմաց: Անդրադառնալով սպանությունների, սպանության փորձերի և ավազակային հարձակումների դեպքերին՝ մարզի դատախազը հայտնել է, որ 2023 թվականին արձանագրվել է ավազակային հարձակման 9 դեպք՝ նախորդ տարվա 6-ի դիմաց, այսինքն 3 դեպքով կամ 50 %-ով ավելի: Բացահայտման ցուցանիշը կազմել է 11,1%՝ 2022 թվականի 100%-ի դիմաց: Սպանության (առանց հանկարծամահության) դեպքերը նվազել են 1-ով՝ կազմելով 8 (2022 թվականին՝ 9): Բացահայտման ցուցանիշը կազմել է 50%՝ 2022 թվականի 88,9%-ի դիմաց: 2023 թվականին նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները. 2023 թվականին արձանագրվել է 63 դեպք (2022 թվականին՝ 92): Նվազել են բնակարանային գողության դեպքերը. մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է բնակարանային գողության 105 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 128-ի դիմաց: Կոռուպցիոն հանցագործու­թյունների վերաբերյալ հաղորդումներով հաշվետու ժամանակահատվածում նախաձեռնվել է 17 վարույթ (2022 թվականին՝ 13): Դեպքերը վերաբերում են կրթության, առողջապահության ոլորտներին և տեղական ինքնակառավարման մարմիններին. քրեական վարույթներով պատճառված վնասը կազմել է 17 մլն 883 հազար դրամ, որից վերականգնվել է 14 մլն 810 հազար դրամը: 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 803 վարույթ՝ 844 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 237 վարույթ՝ 260 անձի վերաբերյալ): 2023 թվականի ընթացքում 40 անձի վերաբերյալ դատարաններում ավարտված 40 քրեական գործով կիրառվել է համաձայնեցման վարույթ: Կոտայքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հարուցված հայցերով դատարանի վարույթում 2023 թվականին քննվել և քննվում են 13 հայցադիմումներ՝ 114 մլն 797 հազար դրամի և 33 հազար 145 ԱՄՆ դոլարի չափով հայցապահանջով: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուշադրության կենտրոնում պահել մանկապարտեզների, ընդհանուր օգտագործման տարածքների, ջրավազանների, անտառային տարածքների և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով՝ օտարման ոչ ենթական տարածքների վերաբերյալ ուսումնասիրությունները: Անդրադառնալով 8 ամսից ավելի տևող վարույթներին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է հատկապես կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող վարույթները, քննարկվել են դրանց շրջանակում փողերի լվացման դեպքերը: Շեշտադրվել է կոռուպցիոն վարույթներին զուգահեռ՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու անհրաժեշտությունը: