Մոսկվան Բաքվին «Զանգեզուրի միջանցք» է խոստանում. Ալիեւը պատրա՞ստ է վճարել ԼՂ-ում ռուսական զորախմբի ներկայությամբ

Մոսկվան Բաքվին «Զանգեզուրի միջանցք» է խոստանում. Ալիեւը պատրա՞ստ է վճարել ԼՂ-ում ռուսական զորախմբի ներկայությամբ

Բաքվում Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովը հարցազրույց է տվել «Իսվեստիային» եւ ասել, որ «Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան տրանսպորտային միջանցքի հարցն ադրբեջանական կողմի համար շատ կարեւոր է»: Դեսպանը փորձագետ չէ, ոչ էլ ազատ ոճի լրագրող, որ իրեն թույլ տա էքստավագանտ ձեւակերպումներ անել: Նա պաշտոնի բերումով պարտավոր է ստորակետի ճշտությամբ հավատարիմ մնալ իրավական ուժ ունեցող փաստաթղթի սահմանումներին, որ, ի դեպ, ինչպես ինքն է խոստովանել՝ անձամբ Ռուսաստանի նախագահ Պուտինն է հեղինակել եւ վավերացրել իր ստորագրությամբ: Նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության 9-րդ կետով Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունը: Բաքվում Ռուսաստանի դեսպանն ինչու՞ է խմբագրում իր նախագահի կազմած եւ երեք կողմերի առաջնորդի մակարդակով վավերացված տեքստը: Ընդ որում՝ անոնսավորելով, որ Թուրքիան դեպի Նախիջեւան երկաթուղի է կառուցում, ինչը թույլ կտա, որ Ռուսաստանը բեռնափոխադրումներ իրականացնի Թուրքիա՝ «Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքով»: Այս ձեւակերպումը հիմնովին փոխում է Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան հաղորդակցության իմաստը: Հասկացվում է, որ Հայաստանի հարավում երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու գլխավոր շահառում Ռուսաստանն է կամ Մոսկվան Բաքվից առնվազն ոչ պակաս է հետաքրքրված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ: Բաքվում Ռուսաստանի դեսպանի հարցազրույցը կազմակերպվել է մի փուլում, երբ հետաձգվել է ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա այցը: Թուրքիայի հետ հարաբերություններն Ռուսաստանի համար չափազանց էական են: ԱՄՆ Կոնգերսը համաձայնություն է տվել, Թուրքիան ամերիկյան F-16 կործանիչներ կստանա: Թուրքիան հայտարարել է Կիեւի մոտ ԱԹՍ-երի արտադրության ձեռնարկություն ստեղծելու մասին: Թուրքական մամուլը գրում է, որ Անկարան «չի հրաժարվի անվտանգության գլխավոր երաշխիք ՆԱՏՕ-ի անդամակցությունից»: Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները մամուլին բացահայտել են, որ եկող տարի ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղից կհեռանա: Բաքվում Ռուսաստանի դեսպանի հարցազրույցն այս իմաստով պարզ առաջարկություն է Անկարային, որ Մոսկվան պատրաստ է նույնիսկ իր միջոցներով վերականգնել Հայաստանի հարավում խորհրդային ժամանակների երկաթուղագիծը: ԴԵսպանը Հայաստանին «կշտամբում է» իրեն անհասկանալի պատճառով «բանակցությունները ձգձգելու» համար: Պետք է հասկանալ, որ Մոսկվան Անկարային խոստանում է «բավարար ազդեցություն գործել» Երեւանի նկատմամբ: Այդ հարցը «համաձայնեցնելու» համա՞ր է փոխարտգործնախարար Գալուզինը եռակողմ հանդիպման հարթակ առաջարկում: Ըստ երեւույթին, Բաքուն Մոսկվային նախապայման է առաջարկել՝ կապահովի Ռուսաստան-Իրան տրանզիտը, եթե Ռուսաստանը Երեւանին «համոզի բացել «Զանգեզուրի միջանցքն» այն պայմաններում, որ ադրբեջանական կողմի համար չափազանց կարեւոր են»: Բաքվում Ռուսաստանի դեսպանի հարցազրույցը հաջորդում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցին, որի մասին հաղորդագրությունից նախնական տպավորություն կա, որ Ալիեւը «համաձայն է եվրոպական հարթակներում հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը»: Մոսկվան փաստացի Ալիեւին ավելի նախընտրելի պայմաններ է առաջարկում: Ըստ երեւույթին՝ Լեռնային Ղարաբաղում իր զորախմբի ներկայությունը երկարաձգելու դիմաց: