Ի՞նչ է սկսում Բաքուն

Ի՞նչ է սկսում Բաքուն

Ադրբեջանի արտգործնախարարություն է հրավիրվել այդ երկրում ԵՄ դեսպանը, որին դժգոհություն են հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կապակցությամբ: Ինչպես հնարավոր է դատել Ադրբեջանի տարածած տեղեկատվությունից, Բաքուն դժգոհ է, որ դիտորդական առաքելությունը խախտում է նախնական ինչ որ պայմանավորվածություններ: Թե հատկապես ի՞նչ, բարդ է ասել, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ պայմանավորվածություններ են եղել, որպեսզի հնարավոր լինի եզրակացնել, թե ինչն է խախտվել: Բաքուն նշում է, թե առաքելությունը երկու կողմերի միջեւ վստահության գործիք դառնալու փոխարեն, դարձել է «հակաադրբեջանական» գործիք եւ «հեռադիտակային դիվանագիտության գործակալ», տարբեր եվրոպացի դիվանագետների համար դառնալով սահմանամերձ շրջաններ այցերի միջոց: Ինչու՞ է Բաքվի այդպես վրդովվեցրել այն, որ տարբեր եվրոպացի դիվանագետներ այցելում են սահման եւ հեռադիտակով դիտարկում այն: Չէ՞ որ այսպես, թե այնպես, ԵՄ դիտորդական առաքելությունն ինքը միանգամայն իրավասու է անել այդ դիտարկումները եւ անում է դրանք, նաեւ հեռադիտակով: Ի՞նչ տարբերություն՝ հեռադիտակով նայում են ԵՄ դիտորդները, թե՞ եվրոպացի տարբեր դիվանագետներ, որոնք այցելում են Հայաստան: Չէ՞ որ եվրոպացի դիտորդները իրենց հեռադիտակային եւ այլ դիտարկումները հետո զեկույցի տեսքով փոխանցում են հենց եվրոպական կենտրոն: Ուրեմն, ի՞նչն է Բաքվի դժգոհության բուն պատճառը: Թե՞ Ադրբեջանին պետք է պարզապես առիթ: Ի դեպ, այստեղ գուցե ավելորդ չէ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ԵՄ դեսպանին Բաքվում հրավիրում եւ Հայաստանում առաքելությունից դժգոհություն են հայտնում այն միջադեպից հետո, որ տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ, երբ ադրբեջանական կողմը հայտնեց, որ Հայաստանից իիրենց տարածք է անցել Չեխիայի քաղաքացի: Բաքուն դրա մասին տեղեկացրել է Չեխիայի դեսպանատանը: Հետագա ստույգ մանրամասներ հայտնի չեն՝ ո՞վ է եղել այդ չեխիայի քաղաքացին, ի՞նչ ազգության է նա եղել, ի՞նչ կարգավիճակով է եղել Հայաստանում, ինչպե՞ս է կարողացել Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության մարմինների համար աննկատ հատել սահմանն ու հայտնվել ադրբեջանական կողմում, մինչ այդ նա ինչով է զբաղված եղել Հայաստանում, եւ մի շարք այլ հարցեր: Իհարկե չունենք որեւէ հիմք պնդելու, որ ԵՄ առաքելությունից Բաքվի դժգոհությունը ունի Չեխիայի քաղաքացու սահմանահատման հետ խատճառահետեւանքային ուղիղ կապ, բայց ժամանակագրությունը համենայն դեպս երեւի թե արժանի է ուշադրության, իսկ հարցերը՝ պատասխանի: Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել եւ այն, որ ԵՄ դեսպանին դժգոհությունը հայտնում են Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունից հետո: Բավականին շատ են եղել կանխատեսումները, որ դրանից հետո Բաքուն կարող է գնալ իրավիճակի առավել լարման, դիրքորոշումների կոշտացման: Արդյո՞ք Բաքուն սկսել է: Միաժամանակ, դա որոշշակի հակասության մեջ է այն հայտարարության հետ, որ փետրվարի 10-ին արել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, ասելով, որ շնորհավորել է Ալիեւին: Միշելը հայտարարել էր, որ նրա հետ քննարկել է նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը եւ ողջունում է Բրյուսելի ձեւաչափում բանակցությունը վերականգնելլու Բաքվի հանձնառությունը: Այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանը կանչում ԵՄ դեսպանին եւ դժգոհում Հայաստանում ԵՄ առաքելությունից: Թե՞ այդ դժգոհությունը «պայմաններից» մեկն է, որը Բաքուն առաջ է քաշում Բրյուսելի ձեւաչափը վերականգնելու համար: Թե՞ Բաքվի դժգոհությունը գործնականում լավ մտածված համատեղ հնարք է՝ Երեւանի վրա հոգեբանական-քաղաքական ազդեցություն գործելու համար, նշաձողն իջեցնելու ակնկալիքով: Ինչու՞ էր օրեր առաջ Հայաստան եկել ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, եթե Բրյուսելի հանդիպումներից հրաժարվողը եղել է Բաքուն, ոչ թե Հայաստանը, որը մշտապես հայտարարել է բրյուսելյան պայմանավորվածություններին հավատարմությունը պահելու անհրաժեշտության մասին: