Լեհաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսել են վարչապետին Pegasus-ի միջոցով. RMF FM

Լեհաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսել են վարչապետին Pegasus-ի միջոցով. RMF FM

Լեհաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսել են «Օրենք և Արդարություն» կուսակցության անդամ Մատեուշ Մորավեցկիի հեռախոսազրույցները, երբ նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (2017-2023 թթ.): Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է RMF FM ռադիոկայանը՝ վկայակոչելով սեփական հետաքննությունը։ Ռադիոկայանի տվյալներով՝ հատուկ ծառայությունները, որոնք այն ժամանակ վերահսկում էր ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին, հսկողություն էին սահմանել կուսակցության 30 քաղաքական գործիչների, այդ թվում՝ կառավարության ղեկավարի նկատմամբ։ Մորավեցկիի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են իսրայելական Pegasus ծրագրի միջոցով, գործակալները հետաքրքրվել են նրա անշարժ գույքով: Կամինսկին X-ի իր էջում հերքել է հսկողության մեղադրանքները և ռադիոկայանի հետաքննության արդյունքներն անվանել հերյուրանք։ Հունվարի 26-ին Bloomberg գործակալությունը հաղորդել էր Լեհաստանի խորհրդարանի որոշման մասին՝ հետաքննելու նախկին կառավարության կողմից լրտեսային ծրագրի ենթադրյալ օգտագործումը: Օրենսդիրները հավանություն են տվել հանձնախմբի կազմին, որը պետք է զբաղվի այդ հարցով։ Հանձնախմբի նախագահ Մագդալենա Սրոկան հայտարարել է, որ Կամինսկին կկանչվի ցուցմունք տալու: