Ռաֆահում իսրայելական ավիահարվածների զոհերի թիվն ավելացել է

Ռաֆահում իսրայելական ավիահարվածների զոհերի թիվն ավելացել է

Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի 2 գերիների ազատ արձակման համար իրականացված ավիահարվածների զոհերի թվի մասին հակասող տեղեկություններ են ստացվում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Պաղեստինյան ազգային վարչակազմը, որը վերահսկում է Հորդանան գետի արևմտյան ափը, հայտնել է Ռաֆահում 100 զոհի մասին։ Պաղեստինյան ազգային վարչակազմի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Ռաֆահում՝ դա անվանելով «կոտորած»։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հայտնել է, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 67 պաղեստինցի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսրայելը հատուկ գործողություն է իրականացրել ավիահարվածների ուղեկցությամբ, որի արդյունքում ազատ է արձակել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում պահվող 2 պատանդի։ Ավելի վաղ հաղորդվում էր իսրայելական հարվածներից 37 զոհի մասին։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի ոչնչացման նպատակով ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 28 300-ը, գրեթե 68 000 մարդ վիրավորվել է։