Էրդողանը Պուտինի հետ չի՞  կիսում «Ղարաբաղը»

Էրդողանը Պուտինի հետ չի՞ կիսում «Ղարաբաղը»

Ռուսաստանի նախագահի Թուրքիա այցը հետաձգվելու մասին տեղեկատվությանը զուգահեռ ՌԴ արտգործնախարար Գալուզինը հարցազրույց է տվել պետական հեռուստաընկերությանը եւ ասել, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի ներկայության հարցը Մոսկվան քննարկում է միայն Բաքվի հետ: Նա միաժամանակ խոսել է ԼՂ հայ բնակչության վերադարձին աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին: Ադրբեջանը պաշտոնական մակարդակում Գալուզինի հարցազրույցին չի անդրադարձել: Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը ներկայացրել է Թուրքիայի Եվրասիական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Էրայ Քուչլյուերի՝ թուրքական Diriliş Postası պարբերականին հարցազրույցի ուշագրավ դրվագները: Հղելով Թուրքիայի արտգործնախարարության իր աղբյուրներին, Քուչլյուերը միանշանակ պնդում է, որ «ռուսական զորախումբը եկող տարի կհեռանա այդ տարածքներից (Լեռնային Ղարաբաղից), որովհետեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ լիակատար ինքնիշխանության վերականգնումից հետո այլեւս անելիք չունի»: Թուրք վերլուծաբանը խոսում է Հայաստանի «վերազինումից» եւ ենթադրում, որ «սպառնալիքները լիովին չեզոքացված չեն»: Նա համարում է, որ «Հայաստանը կարող է վերստին ինքնավարություն ստեղծել (Լեռնային Ղարաբաղում)եւ կրկին բորբոքել հակամարտությունը»: Քուչլյուերը գտնում է, որ այդ դեպքում Շուշիի հռչակագրի համաձայն «պատերազմին Թուրքիայի լեգիտիմ մասնակցությունը կլինի անխուսափելի»: Այս ենթադրությունների եւ վարկածի հիմքում, ըստ էության, մի խնդիր է դիտարկվում. Անկարան համարում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի ներկայությունը կարող է երաշխավորել հայ բնակչության վերադարձը, իսկ այդ դեպքում Բաքուն կունենա նրա իրավունքների եւ ազատությունների խնդիր, իսկ եթե Ռուսաստանը հեռանա, ապա հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու ցանկություն չեն ունենա: Ըստ էության, Անկարան մտադիր չէ Ռուսաստանի հետ կիսել «Ղարաբաղը»: Արցախում էթնիկ զտումներն իրականացվել են Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններից երկու շաբաթ հետո: Ռուսական զորախումբը որեւէ միջամտություն չի ցուցաբերել, Մոսկվան կրկնում է Ալիեւի նարատիվը, որ ,,հայերը կամավոր են հեռացել»: Բայց նույնիսկ այդ դեպքում, ինչպես երեւում է, Էրդողանը Պուտինին «Ղարաբաղից» դուրս է հրավիրում եւ անգամ սպառնում «կոնվենցիոնալ պատերազմով»: Բացառված չէ, որ ուղղորդված քարոզչություն է տարվում, որպեսզի Հայաստանը գայթակղվի Լեռնային Ղարաբաղում «ինքնավարությունը վերականգնելու հնարավորության» խայծով եւ Ադրբեջանի հետ բանակցություններում նախապատվություն տա Մոսկվայի միջնորդությանը: Բայց շատ հնարավոր է, որ Ադրբեջանի «կուրացիայի» հարցում Մոսկվան եւ Անկարան իրոք սուր տարաձայնություններ ունեն: ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի ասած «համատեղ բարդ օպերացիան» փաստացի տեղի է ունեցել, բայց ինչպե՞ս դա ձեւակերպել: Հայ-ադրբեջանական պայմանագրով հնարավոր չէ: Ռուս-թուրքական նոր պայմանագրի մասին փորձագիտական տեսակետներ բազմիցս են հնչել: Քուչլյուերի մեկնաբանություններից հետեւում է, որ արտգործնախարարությունների մակարդակով ռուս-թուրքական քննարկումներ ընթանում են: