ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել գործողությունները Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար

ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել գործողությունները Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար

Միջազգային հանրությունը պետք է առաջիկա շաբաթներին ակտիվացնի ջանքերը՝ Իսրայելի, Պաղեստինի Ինքնավարության և տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը։ «Երբ հակամարտությունն ավարտվի, առանց քաղաքական և անվտանգության արդյունավետ շրջանակի անհնար կլինի վերջ տալ բռնությանը և ստեղծել նոր իրականություն», - ասել է Վենեսլանդը՝ առցանց ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում միջազգային հանրությունը պետք է բանակցի Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ կառուցողական և գործնական քաղաքական լուծում մշակելու համար։ Մերձավոր Արևելքի հիմնախնդրի համակարգողը նշել է, որ թեև հիմա շատ բան պարզ չէ, այդուհանդերձ մի շարք սկզբունքներ պետք է անփոփոխ մնան. առաջին հերթին՝ Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումների անթույլատրելիությունը, որոնք տեղի ունեցան հոկտեմբերի 7-ին, ինչպես նաև Գազայի հատվածում դրան հաջորդած պաղեստինցիների տառապանքները։ Եվ երկրորդ՝ Գազան, ըստ դիվանագետի, կա և պետք է մնա ապագա պաղեստինյան պետության մաս, որտեղ և՛ Գազան, և՛ Հորդանան գետի արևմտյան ափը պետք է լինեն պաղեստինյան կառավարման ներքո: