
Ալիեւի եւ Էրդողանի հետեւողական շանտաժը
12:00 | 2023-11-21
Ֆրանսիան ապակայունացնում է Կովկասը, հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիեւը, այս անգամ անելով դա նույնիսկ «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» թեմայով համաժողովին ունեցած իր ելույթում: Ակնառու է, որ Ֆրանսիան «ռեգիոնալ ապակայունացման դետոնատոր» ներկայացնելը Ալիեւի համար քաղաքական հետեւողական գիծ է, եւ հազիվ թե այդ գիծը պայմանավորված լինի լոկ հայ-ֆրանսիական ռազմա-տեխնիկական գործակցության քննադատությանը եւ խոչընդոտելուն: Անկասկած է, որ Ադրբեջանի իշխանությունը հետեւողականորեն փորձում է թիրախավորել Հայաստանի ցանկացած ռազմական գնում եւ ռազմա-տեխնիկական գործակցության ցանկացած ուղղություն, սակայն տվյալ պարագայում հարցը թերեւս դա չէ, առավել եւս, որ հայ-ֆրանսիական գործակցությունն այդ իմաստով դեռեւս շատ հեռու է Հայաստանի կարիքների համար բավարար լինելուց:
Ադրբեջանի «հետեւողական գիծը» ունի թերեւս այլ նշանակություն՝ ռեգիոնում ապակայունացման մշտապես «ծխացող» առիթ-պատճառի ապահովում, որի պարագայում Ադրբեջանը ուժի կիրառման նպաստավոր միջավայրի ձեւավորման դեպքում դրանով կարդարացնի իր ագրեսիան: Դրան զուգահեռ, թե Ադրբեջանը, թե Թուրքիան հայտարարում են, թե Հայաստանը խաղաղություն հարցի լուծում պետք է փնտրի ոչ թե Արեւմուտքում, այլ՝ իր հարեւանների միջավայրում: Այդ հայտարարությունն արել էր նաեւ Թոււրքիայի նախագահ Էրդողանը: Ալիեւն էլ հայտարարել էր, թե Հայաստանը որքան շուտ պատասխանի դեռեւս սեպտեմբերի 11-ին փոխանցված իրենց առաջարկներին, այնքան՝ լավ: Նշանակում է, որ՝ ինչքան ուշ, այնքան վա՞տ:
Այդպես չի ասվում ուղիղ, բայց փաստացի թափանցիկ կերպով դրված է տողատակում: Երեւանը չի պատասխանել ավելի քան երկու ամիս, սա թերեւս աննախադեպ մեծ դադար է այն «մաքոքային» գործընթացում, որ ծավալվում էր առաջարկների եւ պատասխանների փոխանակման տեսքով: Երեւանի այդ դադարը թերեւս հուշում է, որ սեպտեմբերին Ադրբեջանի փոխանցած առաջարկները բավականին խնդրահարույց են կամ զուտ բովանդակության, կամ՝ իմպլեմենտացման տեսանկյունից: Ըստ ամենայնի, հենց այս հարցերն են այսօր Երեւանի եւ արեւմտյան գործընկերների ինտենսիվ շփումների ու քննարկումների սեղանին են, ու դրանց արդյունքից է պայմանավորված լինելու Երեւանի պատասխանի թե ժամկետը, թե բովանդակությունը: Հայաստանին շտապեցնում են ակնհայտորեն ճնշում բանեցնելով:
Միաժամանակ, արեւմտյան գործընկերները կարծես թե հանգստացնում են Հայաստանին եւ հավաստիացնում, որ թույլ չեն տա էսկալացիա: Բայց բաց է մնում առանցքային հարցը՝ իսկ թույլ կտա՞ն Ադրբեջանին խուսափել խաղաղության պայմանագրի շուրջ փոխադարձ ընդունելի եւ հավասարակշռված բանակցության գործընթացից: Այս փուլում Ադրբեջանը չի դնում էսկալացիայի խնդիր, այլ հենց բանակցության փակուղի ձեւավորելու եւ այն «ամրագրելու» հարց, ակնկալիքով, որ էսկալացիայի հարցը կառաջանա արդեն հետագայում՝ այսպես ասած աշխարհաքաղաքական «ինքնահոսի» տրամաբանությամբ: