Հայաստանի առնչության Մոսկվայի անակնկալ որոշումը

Հայաստանի առնչության Մոսկվայի անակնկալ որոշումը

Ռուսական տելեգրամյան ալիքները տարածել են տեղեկություն, որ Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, եւ նա կարտահանձնվի Հայաստան: Հայաստանի դատախազությունը առնվազն նոյեմբերի 20-ի երեկոյան դրությամբ չի մեկնաբանել տեղեկությունը: Ինչ նոր մանրամասներ ի հայտ կգան այս առնչությամբ, որոնք ավելի պարզ կդարձնեն տեղեկատվությունը, ներկայումս ասել դժվար է, սակայն անկասկած է, որ Պողոսյանի ձերբակալության հանգամանքը՝ եթե այն իսկապես համապատասխանում է իրականությանը, բավականին անսպասելի է: Միհրան Պողոսյանը արդեն տեւական ժամանակ է, ինչ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում եւ ըստ էության այնտեղ թաքնվում է Հայաստանում իր նկատմամբ դեռեւս 2019 թվականից հարուցված քրգործերից, կապված պաշտոնական դիրքում թույլ տված չարաշահումների թեմային: Պողոսյանի առնչությամբ սակայն առավել աղմկոտ թեման եղավ 2023-ի մայիսին, երբ Հայաստանի ԱԱԾ հայտարարեց, որ բանան ներկրող ընկերություններից մեկի ներկրած ապրանքի մեջ եղել է մեկ տոննա թմրանյութ: Ընդ որում, ուշագրավ էր այն, որ դրանից մեկ օր առաջ էլ Իտալիայի իրավապահներին էին տեղեկություն հայտնել, որ Իտալիայում առգրավել են դեպի Հայաստան առաքվող մոտ երեք տոննա թմրանյութ: Միհրան Պողոսյանը Ռուսաստանից տեսահայտարարություն տարածեց, փաստացի ընդունելով, որ իրեն պատկանող բանանի ընկերության արկեղում եղել է մեկ տոննա թմրանյութ, բայց ասելով, թե իր աշխատակիցները իբրեւ անակնկալ ձեւով են դա հայտնաբերել, հետո կապվել են իր հետ, ինքն էլ հաղորդագրություն է ուղարկել անձամբ Հայաստանի ԱԱԾ պետին եւ հայտնել տեղեկությունն ու ասել, որ աշխատակիցները պատրաստ են հաղորդագրություն տալ հայտնաբերած թմրանյութի առնչությամբ: ԱԱԾ սակայն հետագայում քննելով գործը հայտնել էր, որ թմրանյութը ներկրվել է Միհրան Պողոսյանի համաձայնությամբ: Ինչ վիճակում է գործն այսօր, մանրամասներ հայտնի չեն, քննությունը դեռ ավարտված չէ: Եվ ահա, հայտնի է դառնում Մոսկվայում Պողոսյանի ձերբակալության մասին: Միթե՞ Ռուսաստանը որոշել է իսկապես հանձնել նրան Հայաստանի իշխանությանը, կամ այլ կերպ, քաղաքական իմաստով ասած՝ «նվիրել» նրան Հայաստանի իշխանությանը: Դա համենայն դեպս կլինի զարմանալի, անսպասելի, եթե նկատի ունենանք այն, որ մինչ այժմ Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող նախկին տարբեր պաշտոնյաների եւ գործիչների շարքից Մոսկվան առայժմ կարծես թե միայն Ալրաղացի Լյովիկին՝ Լեւոն Սարգսյանին է արտահանձնել Երեւանին: Դա 2020 թվականի հուլիսին էր: Միհրան Պողոսյանը կլինի հաջո՞րդը: Իսկ ինչի՞ դիմաց: Թե՞ այդուհանդերձ գործ ունենք այլ իրավիճակի հետ եւ տեղեկատվությունը դաշտ է նետված հետնաբեմային սակարկությունների համար: Ի դեպ, Միհրան Պողոսյանի առնչությամբ հարկ է հիշել նաեւ «նախահեղափոխական» ժամանակաշրջանի աղմկահարույց գործը՝ Պանամայի օֆշորի պատմությունը, որտեղ միջազգային հետաքննող լրագրողների կազմակերպության հերթական բացահայտումներում էր նաեւ Պողոսյանի անունը՝ գրանցված երեք ընկերությունների սեփականատիրոջ կարգավիճակով, մի քանի հարյուր միլիոն դոլարի ծավալներով: Նույն օֆշորային բացահայտումների շարքում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու նրա ընտանիքը: Ընդ որում, ուշագրավ է, որ այդ տեղեկությունը հրապարակվեց 2016 թվականի ապրիլի 2-ին՝ ապրիլյան քառօրյայի բռնկման օրը: Ապրիլի 18-ին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հանրային աղուկից հետո հայտարարեց հրաժարականի մասին, այն էլ բավականին «յուրահատուկ» ձեւակերպումով. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից»: Մեկ տարի անց իհարկե Միհրան Պողոսյանը ՀՀԿ ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ դրանից առաջ կարծվեց Հայաստանում օֆշորի գործով հարուցված քրգործը: