
Ի՞նչ կարժենա Ալիեւի «լյապը»
18:00 | 2023-11-20
Իրանի նախագահ Ռայիսի հետ Իսլամական համագործակցության կազմակերպության Տաշքենդի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպմանը Իլհամ Ալիեւը դիվանագիտական «լյապ» թույլ տվեց, երբ հայտարարեց, որ Զանգելանի Աղբենդ բնակավայրի մոտ կամրջի կառուցումը կծառայի Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երկրորդ ուղեանցմանը:
Խոսքը վերաբերում է Սանկտ-Պետերբուրգը հնդկական Մումբային կապելու մեգածրագրին, որ չի կայանա, եթե Ադրբեջանը Ռուսաստանին միջանցք չտրամադրի: Այս փուլում համաձայնություն, ըստ երեւույթին, կայացել է: Բայց մինչեւ վերջերս նշվում էր միջանցքի մեկ երթուղի՝ Մախաչկալա-Բաքու-ադրբեջանական Աստարա-իրանական Աստարա-Ռեշտ:
Ալիեւը Տաշքենդում հայտարարեց, որ դիտարկվում-նախատեսվում է նաեւ երկրորդը՝ Մախաչկալա-Բաքու-Հորադիզ-Աղբենդ-Իրան:
Նոյեմբերի 15-ին ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը, երեւի, հենց այդ հեռանկարի նկատամամբ է Իրանի հետ կոմունիկացիոն նախագծերի հարցով «կշտամբել» Ադրբեջանին: Բաքուն հակադարձեց, որ տարածաշրջանի երկրների հետ հաղորդուղիների նախագծումն իր ինքնիշխան իրավունքն է: Ռուսաստանը գոնե հրապարակային արձագանք չհնչեցրեց: Ըստ երեւույթին, Մոսկվայի համար դեռեւս պարզ չէր Իրանի դիրքորոշումը:
Այսօր Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ ամերիկացիները միջամտում են իրենց չվերաբերող հարցերի: Իրանցի դիվանագետը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը պետք է վերջ տա տարածաշրջանի ներքին գործերին միջամտությանը եւ անցյալի փորձից դասեր քաղի: ԱՄՆ-ը դժգոհ է Իրան-Ադրբեջան համագործակցությունից, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ինչու՞ է խնդիրն ընդհանրացնում: Ըստ էության, ԱՄՆ-ի խնդիրը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն է: Պարզ ասած՝ այն, որ Ադրբեջանը սպասարկում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին հակոտնյա օրակարգ:
Ալիեւն, իհարկե, դիվանագիտական ,,լյապ,, թույլ չէր տա, եթե չունենար սպասելիք, որ Իրանը կճանաչի սեպտեմբերի 19-ի ահաբեկչական պատերազմի հետեւանքով նոր իրավիճակը՝ ստատուս քվոն: Թեհրանն ընդունել է, որ «Ղարաբաղը վերադարձել է իր պատմական տարածքը»: Ռուսաստանը շատ որաշակիորեն նպաստել է դրան, Թուրքիան՝ բացահայտ աջակցել: ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Եվրամիությունը կատարվածը պաշտոնապես էթնիկ զտումներ չեն ճանաչել, բայց գնահատում են, որ Լեռնային Ղարաբաղ կա, նրա հայ բնակչությունը տեղահանվել է պատերազմի հետեւանքով:
Այս փուլում Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի խնդիրները, իհարկե, Հայաստանի նկատմամբ Ալիեւի ագրեսիվ պահվածքով եւ Արցախի հայաթափմամբ չեն պայմանավորված: Խորքում ռուս-ադրբեջանական համագործակցությունից անհանգստությունն է: ՌԴ զորախումբը մնում է Լեռնային Ղարաբաղում: Եթե Ալիեւը ռուսներին «վռնդի» Արեւմուտքը կմոռանա՞ Արցախի հայաթափումը: Իսկ եթե Պուտինը որոշի չհեռանա՞լ, իսկ Իրանը հայտարարի կամ հասկացնի, որ, այո «Ղարաբաղը վերադարձել է իր պատմական տարածք, բայց դա ամենեւին էլ թուրքական-ադրբեջանական չէ, պարսկակա՞ն է»: