«Tech for Artsakh» նախաձեռնությունը․ ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն՝ արցախցի երիտասարդների համար

«Tech for Artsakh» նախաձեռնությունը․ ՏՏ ոլորտում սովորելու հնարավորություն՝ արցախցի երիտասարդների համար

Սույն թվականի նոյեմբերի 16-ին Armenian Code Academy (ACA) տեխնոլոգիական կրթության կենտրոնը ներկայացրեց նոր նախաձեռնություն՝ «Tech for Artsakh»-ը, ուղղված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթությանը։ Նախագիծը մեկնարկելուն պես «Armenian Code Academy» (ACA) տեխնոլոգիական կրթության կենտրոնը, նախատեսել էր տրամադրել 50 կրթաթոշակ՝ անվճար սովորելու տեխնոլոգիական ոլորտի ամենապահանջված մասնագիտություններով` դրանով իսկ կոչ անելով տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններին միանալու շարժմանը և համալրելու կրթաթոշակային ֆոնդին։ Armenian Code Academy ընկերության մարզային զարգացման գծով տնօրեն Լևոն Թադևոսյան իր հերթին նշեց, որ մտահղացումը եղել է դեռ հոկտեմբերի սկզբին և այդ ժամանակ նախատեսվել էր 50 կրթաթոշակ տրամադրել: Սակայն միայն 3 օրում ավելի քան 150 դիմում-հայտ են ստացել և որոշել դիմել գործընկերների օգնությանը: Թադևոսյանը պատմեց՝ նման նախաձեռնությունը առաջին անգամը չէ՝ մարզերի երիտասարդների համար դեռևս 2022 թվականից դասընթացներ են կազմակերպել՝ տրամադրելով 150 կրթաթոշակ: «Armenian code academy» ընկերության գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանն էլ ընդգծեց, որ դասընթացներին մասնակցելու համար դիմողները պետք է թեստ լրացնեն, ինչից հետո էլ ավելի պարզ կդառնա՝ որ մասնագիտությունն ավելի հարմար կլինի: Դասընթացները տևելու են 3-9 ամիս, ծրագրերը շատ են լինելու, յուրաքանչյուրի համար սահմանվելու է անհատական կրթաթոշակ։ Նախաձեռնությանը դեռևս միացել է 9 ընկերություն: «PMI Science» գիտահետազոտական կենտրոնը ևս միացել է այս նախաձեռնությանը։ Կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը, կարևորել է նմանատիպ նախագծերի դերը, ընդգծելով․ «Այս նախաձեռնությամբ մենք կարող ենք սահմանել գիտության նոր սահմաններ և ոգեշնչել այլ ընկերությունների միանալ այս նախաձեռնությանը և ստեղծել ավելի լավ ապագա։ Երկրի դժվարին պահերին հեշտ է նստել և ոչինչ չանել, հույսը դնել պետության վրա։ Բայց ես կարծում եմ, որ մեր բոլորիս ճանապարհը մի փոքր այլ է՝ ստեղծել բիզնես հասարակություն պետության հետ համագործակցությամբ, ստեղծել նոր ապագա մեր երկրի և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ես վերջերս շատ եմ խոսում նոր ապագայի մասին, որովհետև հավատացած եմ, որ լավ պետություն ստեղծելը սկսվում է երիտասարդներից և նրանք կարող են իրենց երազանքներն ու ապագան կապել այս երկրի հետ։ Մեր հայրենակիցների համար այս ուսումնական ծրագրերի իրականացումը կարող է կարևոր դեր ունենալ նրանց ինտեգրման և երկրի զարգացման մեջ ներդրում ունենալու գործում: Մենք պետք է հզորացնենք նրանց և ուժեղացնենք իրենց պատկանելության զգացումը»։ Krisp-ի մարդկային ռեսուրսների ղեկավար Մանե Դիլոյանը նշեց․ «Մեզ համար կարևոր էր նաև, որ աշխատակիցները ևս իրենց ներդրումն ունենային, որովհետև բացի նրանից, որ կազմակերպությունը կօգնի, նաև կարևոր է, որ յուրաքանչյուր անհատ այդ պատասխանատվությունը իր վրա վերցնի ու հասկանա, թե նման ծրագրերին աջակցելն ինչքան կարևոր է»։