Լիբիայում մեկ օրում ծովի հատակից դուրս է բերվել հեղեղների 80 զոհի մարմին, 20 000 մարդ անհետ կորած է

Լիբիայում մեկ օրում ծովի հատակից դուրս է բերվել հեղեղների 80 զոհի մարմին, 20 000 մարդ անհետ կորած է

Լիբիայում ողբերգական ջրհեղեղից հետո մերձափնյա մի հատվածում ծովի հատակից դուրս է բերվել միանգամից 80 զոհի մարմին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիբիական պետության ջրհեղեղից առավել տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են... Միայն մեկ օրում մոտավորապես 80 դի է դուրս բերվել ու տարհանվել: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից ի վեր ավելի քան 110 մարմին է դուրս բերվել», - հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Կարմիր մահիկի տեղական բաժանմունքի տվյալներով՝ Լիբիայի արևելքում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը, անհետ կորել է շուրջ 20 հազար մարդ։ Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկատվության համաձայն՝ ավելի քան 38 հազար մարդ Լիբիայի հյուսիս-արևելքում լքել է ջրհեղեղից տուժած շրջանները։ «Դանիել» ցիկլոնի հետևանքով առաջացած հորդառատ անձրևների պատճառով վարարումներ և հեղեղումներ են գրանցվել Լիբիայի արևելքի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Ալ-Բայդուում և Դերնայում: Արդյունքում տարածաշրջանում փակվել են օդանավակայաններն ու ծովային նավահանգիստները։ Երկրի արևելքում գտնվող Սուսա և Դերնա քաղաքները հայտարարվել են տարերային աղետի գոտիներ։ Ջրհեղեղից տուժած քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։