
Նոր պատերազմ, նոր հաշվարկներ
16:30 | 2023-09-19
Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ նոր պատերազմ է սկսել Արցախի դեմ, կամ ավելի ճիշտ կլինի ասել վերսկսել է չավարտված պատերազմի ակտիվ փուլը: Այդ ամենը տեղի է ունենում նոյեմբերի 9-ի համաձայնագրով Արցախի բնակչության անվտանգության ապահովելու առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությամբ: Միևնույն ժամանակ, դեռևս Փարուխի իրադարձություններից, հետագա զարգացումներից, Ռուսաստանի քաղաքականությունից, Ադրբեջանի հետ հարաբերության խոսույթից բավականին ակնառու էր, որ Արցախի անվտանգության հարցում ռուս խաղաղապահների ֆունկցիոնալության վրա հույս դնելը՝ առավել ևս ուկրաինական պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, կլինի վտանգավոր մոլորություն:
Մյուս կողմից, այդ ամենով հանդերձ, ակնառու է, որ չկար որևէ այլ մեխանիզմ՝ Արցախի պաշտպանական բանակից բացի, որի վրա հնարավոր է դնել Արցախի ժողովրդի անվտանգության հույսը: Ռուս խաղաղապահների փաստացի անգործության պայմաններում, չի եղել որևէ այլ միջազգային սուբյեկտ, որը հայտնի Արցախի ժողովրդի անվտանգության հարցում խաղաղապահ ավելի էֆեկտիվ դերակատարության պատրաստակամություն: Անգամ չի արտահայտվել հավանություն Երևանի այն առաջարկին, որ վերաբերել է ոչ թե խաղաղապահներին, այլ փաստահավաք առաքելությանը: Սա ևս պարզ է: Ոչ միայն Ռուսաստանը, գործնականում խոշոր ուժային կենտրոններից որևէ մեկը չունի Ադրբեջանի հետ կոնֆրոնտացիոն հարաբերության ցանկություն, հետևաբար՝ անցնող ժամանակահատվածում հնչել են Երևան-Բաքու և Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածության անվերջ կոչեր ու հորդորներ, որոնց ներքո Ադրբեջանը քայլ առ քայլ լեգիտիմացրել է իր ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականությունը:
Այլ կերպ ասած, Արցախի դեմ Ադրբեջանի նոր պատերազմի գլխավոր հովանավորը Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությամբ կազմավորված երրորդ համաշխարհային պատերազմն է, որտեղ Ադրբեջանը որոշակիորեն լինելով պահանջված, դարձել է սուբյեկտ, որի հետ հարաբերությունը դիտարկվել ու դիտարկվում է այդ համաշխարհային պատերազմում մրցակցի կամ հակառակորդի դեմ կիրառվելիք կարևոր խաղաքարտ: Այդ իրավիճակն էլ խաղաքարտ է դարձել Ալիևի ձեռքին, ներառյալ Թուրքիայի գործոնը: Ըստ էության, Արցախը այսօր դարձել է երրորդ համաշխարհային այդ պատերազմի մի նոր օջախ, ուժային կենտրոնների նոր հաշվարկներով: