Երևանը կսպասի Վաշինգտոնին ու Մոսկվային

Երևանը կսպասի Վաշինգտոնին ու Մոսկվային

Հայաստանի վարչապետ Փաշինյանը արձագանքելով ղարաբաղյան հարցի վերաբերյալ քառակողմ հանդիպում անցկացնելու` Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկին, հայտարարեց, որ այդ առաջարկը մեկն է տարբեր առաջարկներից, և անդրադառնալ մեկ առանձին վերցրած առաջարկի, ինքը համարում է ոչ նպատակահարմար:  Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է Երևանի Ավագանու ընտրության օրը՝ լրագրողների հետ ճեպազրույցում, նրանց հարցին ի պատասխան: Նիկոլ Փաշինյանը ուղիղ չի պատասխանել հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի նախագահը այդ առաջարկը հնչեցրել է սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ առաջարկը բազմաթիվ, տարբեր առաջարկներից մեկն է, բայց հստակ չէ, նա դրա մասին տեղեկացել է մամուլի՞ց, թե՞ անմիջապես Թուրքիայի նախագահից: Որովհետև, Էրդողանն առաջարկի մասին բարձրաձայնել է Նյու Յորք՝ ՄԱԿ ԳԱ մեկնելուց առաջ, միաժամանակ՝ Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո: Բարձրաձայնելով առաջարկը, Էրդողանն ասել էր, որ ներկայացրել է այն Մոսկվային, և կքննարկի նաև Ալիևի հետ: Չորորդ կողմի՝ Հայաստանի մասին նա չէր խոսել, ինչը թույլ է տալիս առնվազն դիտարկել հավանականություն, որ Հայաստանի հետ հարցը քննարկել է սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցի ընթացքում: Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը, եթե հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հարցը, թեև պաշտոնական որևէ հաղորդագրության մեջ չի եղել այդ մասին որևէ խոսք: Հրապարակային անդրադարձում, Հայաստանի վարչապետը փաստորեն նախընտրեց որևէ հստակ դիրքորոշում չարտահայտելու տարբերակը, ըստ ամենայնի սպասելով թերևս, թե Էրդողանի առաջարկը ինչ արձագանք կունենա Մոսկվայում, ու նաև՝ Վաշինգտոնում: Ի վերջո, հատկանշական է, որ այն հնչում է Նյու Յորք մեկնելուց առաջ»: Իսկ Նյու Յորք Էրդողանի մեկնման առանցքային հարցը լինելու է Ռուսաստանի և ՄԱԿ, իսկ դե ֆակտո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդական կարգավիճակի ամրագրումն ու նոր բովանդակության մշակումը: Այդ բովանդակության մշակման մասին Էրդողանը հայտարարել էր Սոչիում սեպտեմբերի 4-ին Պուտինի հետ հանդիպումից հետո: Առիթ ունեցել եմ ասելու, որ Էրդողանի «քառակողմ» առաջարկը մեծ հավանականությամբ տեղավորվում է նրա այդ ավելի լայն նպատակի շրջանակում: Հարցն այն է, թե ինչ դիրքով է տեղավորվում և դրա հանդեպ ինչ վերաբերմունք կունենան Մոսկվան ու Վաշինգտոնը: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը խոսելով այն մասին, որ դա մեկն է «բազմաթիվ» առաջարկներից, որոնց ամբողջական համատեքստում  է պետք դիտարկել իրավիճակը, թերևս ակնարկում էր հենց այն, որ էրդողանյան առաջարկը ունի շատ ավելի լայն բովանդակություն և բարձրաձայնվածը չի արտացոլում ամբողջականը, հետևաբար Երևանը թերևս գնահատական կներկայացնի ամբողջականի վերաբերյալ առավել հանգամանալից իրազեկվածությունից հետո, հասկանալով առնվազն երկու առանցքային դերակատարների արձագանքի տրամաբանությունն ու համադրվածության կամ հակառակի աստիճանը: