
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
15:45 | 2023-09-18
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել էր պայմանագիրը Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ։ Ավելի վաղ, սեպտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի Հայաստան-Ալբանիա խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Նազարյանը հրաժարական էր տվել։ Մեր հավաքականը զիջել էր 1։2 հաշվով։ Պաշտոնական հանդիպումներում Հայաստանի հավաքականը Նազարյանի գլխավորությամբ պաշտոնական խաղերում կրել էր 9-րդ անընդմեջ պարտությունը։ ՀՖՖ-ի կողմից այս մարզչի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը կարելի է համարել դարակազմիկ։ Նազարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերին։
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնն էր նա զբաղեցնում էր 2019 թվականից։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի կորիզը կազմում են հենց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները։ Այս տարիների ընթացքում Նազարյանը ուղղղակի տապալեց մեր պետության ֆուտբոլային երկրորդ թիմը։ Անցյալ տարվա ամռանը Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Հունիսին Նազարայանի գլխավորած թիմը անցկացրեց 3 հանդիպում կրելով նույնքան պարտություն։ Հունիսի 2-ին մեր հավաքականը Սկոպյեում 3։1 հաշվով զիջել Հյուսիսային Մակեդոնիային։ Արդեն հունիսի 6-ին Երևանում 1։4 հաշվով պարտվել էր Ֆրանսիային և վերջապես, հունիսի 12-ին սեփական հարկի տակ 0։2 հաշվով խաղը տանուլ էինք տվել Ուկրաինային։ Սա Ռաֆայել Նազարյանի 8-րդ անընդմեջ պարտությունն էր ընտրական շրջափուլում։ Ավելի վաղը Նազարյանի թիմը խայտառակ 0։7 հաշվով պարտվել էր նաև Ֆրանսիային։ Անցկացնելով 10 հանդիպում այս մասնագետը կրել էր 9 պարտություն։ Միակ հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել էր անցյալ տարվա սեպտեմբերին, Երևանում 2։0 հաշվով առավելության հասնելով Ֆարերյան Կղզիների հավաքականի նկատմամբ։ Ի դեպ, գաճաճ պետության հավաքականին Նազարյանը «հաջողացրել» էր պարտվել։ Արատագնա խաղում մերոնք զիջել էին նույն 2։0 հաշվով։ Որքան էլ տարօրինակ է, այսքանից հետո ՀՖՖ-ն Նազարյանին չհեռացրեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ավելին, այս տարվա փետրվարին ֆուտբոլային գերատեսչությունը Ռաֆայել Նազարյանին վերահաստատեց ՀՖՖ-ի երիտասարդական հավաքականի պաշտոնում, իսկ նրա որդուն՝ Էրիկ Նազարյանին նշանակեց Հայաստանի Մ-15 հավաքականի գլխավոր մարզիչ։ Դրա արդյունքն եղավ այն, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 8-ին կրեց 9-րդ անընդմեջ պարտությունը, իսկ 4 օրն անց գրանցվեց նաև 10-րդ անընդմեջ պարտությունը։ Մեր հավաքականը Երևանում 1։2 հաշվով զիջեց Չեռնոգորիային։ Հայաստանի երկրորդ հավաքականն իսկապես գտնվում է աղետալի վիճակում։
«Առաջին լրատվական»-ը հիմք ընդունելով Նազրարյանի խայտառակ արդյունքները բազմիցս է ահազանգել ահագնացող վտանգի մասին։ Ֆուտբոլի ֆեդերացիան սակայն անհայտ և տրամաբանությունից զուրկ պատճառներով շարունակում էր վստահել այս մասնագետին։ Ավելին, 2021 թվականին ՀՖՖ-ն Նազարյանին առաջադրել էր Հայաստանի լավագույն մարզչի թեկնածուների շարքում։ 2021 թվականի փետրվարին էլ Նազարյանը նշանակվել էր ՀՖՖ-ի տեխնիկական տնօրեն։ Նա միաժամանակ զբաղեցնում էր նաև ԲԿՄԱ-ի և երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Տեղի ունեցածը հայկական ֆուտբոլի նորագույն պատմության թերևս ամենապարադոքսալ երևույթներից էր։ Այն մեկնաբանելն իսկապես դժվար է։ ՀՖՖ-ն վերջապես դադարեցրեց համագործակցությունը Նազարյանի հետ, ասել է թե լավ է ուշ քան երբեք։ Հիմա ունենք հողին հավասարեցված հավաքական և անդադար պարտությունների փորձ ունեցող երիտասարդ սերունդ։ Անվերջ պարտություններից հետո հնարավո՞ր կլինի ուշքի բերել մեր երիտասարդ ֆուտբոլիստներին։
Հարցի պատասխանը թողնում ենք ֆուտբոլային գերատեսչությանը։ Բերված փաստերից հետո ՀՖՖ-ի որոշումը իսկապես դարակազմիկ է։ Թեկուզ ուշացումով հայակական ֆուտբոլը կարծես ձերբազատվում է պարտությունների և ձախողումների դրաշակակիրը դարձած մասնագետից։ Բանակի կենտրոնական մարզական ակումբի ստեղծումը ՀՖՖ-ի լավագույն որոշումներից մեկը կարելի է համարել։ Հուսով ենք, որ առաջիկայում այս թիմը և երիտասարդական հավաքականը կհայտնվի բանիմաց և բարձրակարգ մասնագետի հուսալի ձեռքերում։