Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
13:15 | 2023-09-16
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՈւԵՖԱ-ն, կարգապահական գործ է բացել ընդդեմ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և ՀՖՖ-ի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը մեղադրվում է Հայաստան-Խորվաթիա խաղն ուշացնելու համար։ Ֆուտբոլի ֆեդերացիային էլ ՈՒԵՖԱ-ն մեղադրում է հասարակական անցումներն արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ ուղերձի, մարզադաշտում ճայտրուկների կիրառման և խաղի ուշ մեկնարկի համար։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Հայաստան-Խորվաթիա խաղը կարճ ժամանակով ընդհատվել էր, երբ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում դրոնով բարձրացվել էր Արցախի դրոշը։ Բաքուն հայտարարել էր, որ կդիմի ՈՒԵՖԱ՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ «հայերի սադրանքի» կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0:1 հաշվով զիջել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։ Մարզդաշտում տեղի ունեցածն ինչ-խոսք բացասական ազդեցություն կունենա հայկական ֆուտբոլի հեղինակության վրա։ Մենք չկարողացանք բարձր մակարդակով կազմակերպել աշխարհի թոփ հավաքականներից մեկի հետ մրցավեճը։ Տեղի ունեցածի մեջ կարելի է փնտրել մեղավորների և խիստ ձևակերպումներ անել նրանց հասցեին, բայց․․․։
Խնդիրը շատ ավելի խորքային է։ Մենք չենք ցանկանում հասկանալ և գիտակցել, որ սպորտային իրադարձության ժամանակ ոչ սպորտային առավել ևս քաղաքական դրսևորումները վնասում են առաջին հերթին մեզ։ Կասկածից վեր է, որ ՈւԵՖԱ-ի հարուցած գործի հիմքում քաղաքական դրսևորումներ են։ Մենք այսօր էլ չենք գիտակցում, որ ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի այլ բոլոր նրանց դեմ, ովքեր սիրում են ֆուտբոլը, երկրպագում են Հայաստանի հավաքականին։ Սա առաջին դեպքը չէ երբ «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունենում ոչ ֆուտբոլային դրսևորումներ կամ ակցիաներ։ Անցյալ տարի այս մարզադաշտը որակազրկման շեմին էր։ Մասնավորապես, «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը նշանավորվել էր քաղաքական ակցիաներով, որոնք հարված էին հասցրել մեր ֆուտբոլին։ Քաղաքկան որոշ ուժեր «Հանրապետական» մարզադաշտը վերածեցին «բարդակի»։ Խաղասկզբում արևելյան տրբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա գրված էր «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»: Արդեն Հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղադաշտ ներխուժեց պաստառով ու հայկական եռագույնով երկրպագու: Պաստառի մի կողմում գրված էր. «Աղավնոն չենք հանձնելու»: Հարավային տրիբունաներում քաղաքական ուժեից մեկի անդամները պարզելով իրենց կալանավորված կուսակիցների լուսանկարները պահանջում էին անհապաղ ազատ արձակել նրանց։ Հանդիպումից հետո կրկին երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ: Խաղի անվտանգության աշխատակիցները նրանց դուրս հանեցին խաղադաշտից, ինչից հետո տրիբունայի մոտ ծեծկռտուք սկսվեց երկրպագուների և ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների միջև։ Արդյո՞ք ֆուտբոլային հանդիպումը լավագույն վայրն է Աղավնոն կամ Արցախը փրկելու համար։
Պատասխանը թողնում ենք ընթերցողին։ Ստադիոնում Արցախը փրկելու հետևանքով ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը լցվեց և հիմա ՀՖՖ-ն ստիպված կլինի տուգանքի տեսքով կլորիկ գումար վճարել։ Գումար, որը կարելի էր ծախսել հայկական ֆուտբոլի զագրացման համար։ Հիմք ընդունելով անցյալ տարի տեղի ունեցածը ՀՖՖ-ն այս տարի մարտին Հայաստան-Թուրքիա հանդիպմանը անվտանգության խիստ միջոցներ էր նախաձեռնել։ Հայաստան-Թուրքիա հանդիպմանը միջադեպեր տեղի չունեցան։ Հարթ անցավ նաև հունիսին տեղի ունեցած Հայաստան-Լատվիա մրցավեճը։ Զգոնությունը թուլացնելու արդյունքում սակայն Խորվաթիայի դեմ խաղում տեղի ունեցավ այն ինչին արդեն սովորական է մեզ համար։
Երկպագուները կրկին ճեղքում էին «խիստ ինտելեկտուալ» հայացքներով անվտանգության աշխատակիցների «պաշտպանական շարքերը» և սելֆի անում Լուկա Մոդրիչի և այլ ֆուտբոլիստների հետ։ Ֆուտբոլի ֆեդերացիան սխալվել էր մտածելով, որ հասարակության գիտակցությունը այնուամենայնիվ փոխվել է։ Ստեղծված իրավիճակում ոչինչ չի մնում անել քան վերադառնալ խիստ պայմաններում հանդիպում կազմակերպելու եղանակին։ Այո, հասարակության գիտակցության դրական փոփոխության համար ժամանակ է հարկավոր։ Հուսանք, որ ՈւԵՖԱ-ի պատժամիջոցը կխթան կհանդիսանա այդ պրոցեսի համար։