Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․

Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․

Հայաստանի ազգային հավաքականը զիջեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային։ Զիջեց նվազագույն հաշվով՝ երկրպագուներին լարվածության մեջ պահելով մինչև խաղի վերջին վայրկյանը։ Այո, պարտությունը պարտություն է և որևէ կերպ չի կարող արդարացվել, բայց․․․։ Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անց է կացրել 6 հանդիպում, որոնցից պարտվել է 2-ում։ Խորվաթիայից կրած պարտությունից բացի մերոնք մարտի 25-ին Երևանում 1։2 հաշվով զիջել էին Թուրքիային։ Երկու դեպքերում էլ, սակայն Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստները մարզադաշտից հեռացան բուռն ծափողջյունների ներքո։ Սա նշանակում է, որ Հայաստանի հավաքականը երկու դեպքերում էլ, պարտվեց այլ ոչ հանձնվեց։ Պետրակովի գլխավորած հավաքականի գլխավոր հատկանիշներից է չհանձնվելը ու պայքարելը մինչև վերջ, մինչև վերջին վայրկյանը։ Խորվաթիան մեզ գերազանցեց խաղային բոլոր առումներով, հանդիպման վերջնամասում սակայն աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկը ուղղակի դիմադրում էր՝ պահելով հաղթական հաշիվը։ Տակտիկական առումով Պետրակովը, ըստ էության, չպարտվեց Խորվաթիայի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչին։ Դրական արդյունքը շատ մոտ էր, բայց ինչ-որ բան չհերիքեց։ «Մեզ չբավականացրեց վարպետությունը: Խորվաթները վարպետությամբ գերազանցեցին: Տղաների համար շատ բարդ էր, նրանք դժվար էին վերականգնվել Թուրքիայից հետո: Թիմը բնական է, որ հոգնած էր: Այս մակարդակի վրա մի քանի հանդիպումներ անցկացնելուց հետո դժվար է վերականգնվել: Ես մտա հանդերձարան և բոլորին շնորհակալություն հայտնեցի այս խաղի, երկրորդ խաղակեսի համար: Նրանք բոլորն արեցին քայլ առաջ: Ես հպարտ եմ, որ այս տղաների մարզիչն եմ: Խնդրում եմ և կոչ եմ անում բոլորին չքննադատել այս տղաներին: Պետք է սատարել նրանց, որովհետև տղաներն այսօր մեկ աստիճան աճեցին: Անդրե Կալիզիրից շատ շնորհակալ եմ, նա շատ օգնեց հավաքականին: Կալիզիրը տեսնում էր, որ թիմը պարտվում է և իր նախաձեռնությամբ հաճախակի միանում էր գրոհներին։ Բարձր որակի հանդիպում անցկացրեց: Ոպես մարդ էլ նա շատ լավ անձնավորություն է, մշտապես թիմի կողքին է եւ ամեն գնով աջակցում է թիմին:Առաջին խաղակեսում շատ սխալներ ունեինք, ես ինքս չէի հասկանում տղաներին, թե ինչու էին այդպես վարվում: Խորվաթները փոխանցումներում գրեթե չէին սխալվում: Խորվաթիան ուղղակի ուժեղ էր: Ես հասկանում եմ, որ ձեզ դուր չի գալիս այս արդյունքը, բայց մենք դեռ կուժեղանանք: Ամենակարեւորն այն է, որ հավաքականը ամուր լինի, ֆուտբոլիստները քիչ վնասվածքներ ունենան, որակազրկումներ չունենանք: Տղաները հոգնած էին, դա էր պատճառը, որ հաճախակի լքում էին իրենց դիրքերը, ինչը չէին անում, օրինակ, Թուրքիայի դեմ խաղում: Այս տղաները դեռ երիտասարդ են: Խաղում էին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի դեմ: Շատ է քննադատական վերաբերմունքը այս տղաների հանդեպ, բոլորը 19, 20, 22, 24 տարեկան են: Դեռ շատ երիտասարդ են, բայց բոլորն ունեն պատասխանատվության զգացում, նվիրում: Ավելի շատ պետք է փորձել աջակցել Հայաստանի հավաքականին, հատկապես այս խաղից հետո, քանի որ մեծ հաշվով միայն վարպետությամբ զիջեցին աշխարհի բրոնզե մեդալակրին:Ես Հայաստանում եմ արդեն 9 ամիս: Այստեղ պետք է զարգացնել եւ ներդրումներ անել մանկապատանեկան ֆուտբոլում, այնպես ինչպես դա անում է, օրինակ, Խորվաթիան»,- խաղից հետո ասել է Պետրակովը։ Սա թերևս այն դեպքն է, երբ ավելացնելու բան թերևս չկա։ Այո, կարող ենք խոսել դրվագային սխալների մասին, բայց թիմային պայքարի ֆոնին դրանք մղվում են երկրորդ պլան։ Դրանք սխալներ են, որոնք կարելի է շտկել և շարժվել առաջ։ Այո, այս պարտությունը բարդացրեց պայքարը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Ընդունենք սակայն մի պարզ ճշմարտություն։ Առանց ֆունդամենտի հնարավոր է որևէ բան կառուցել։ Պետրակովին կարծես հաջողվել է դնել այդ ֆունդամենտը։ Պայքարը շարունակվում է և շարունակվելու է միշտ։ Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանի ներկայիս հավաքականը պատրաստ է այդ պայքարին։