Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում

Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում

Հայաստանի ազգային հավաքականը մեկ միավորով վերադարձավ Թուրքիայից և շարունակում է պայքարը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Մերոնք մոտ էին հաղթանակին և կարող էին շոկի ենթարկել ագրեսիայով լեցուն Էսքիշեհիր մարզադաշտում ներկա 32․000 երկրպագուներին, բայց․․․։ Մի կողմ դնելով էմոցիաները հարկ ենք համարում անել մի քանի կարևոր արձանագրում։ Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի թիմը գերազանց խաղ ու արդյունք գրանցեց Թուրքիայում։ Մեր տղաները պայքարեցին մինչև վերջին վայրկյանը գլուխները բարձր հեռանալով խաղադաշտից։ Այո, մենք ունենք թիմ, որը հավատում է ուժերին օժտված է մարզական չարությամբ և չի հանձնվում։ Բնական է, եղան նաև դրվագային սխալներ, բայց սխալներից ապահովագրված չէ ոչ մի թիմ։ Պետրակովը և մեր ֆուտբոլիստներն ապացուցեցին, որ կարող են պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ «Կարծում եմ՝ ոչ-ոքիի խաղ էր։ Խաղում էին երկու լավ թիմեր։ Ի դեպ, կարծում եմ, որ երևանյան խաղում ևս պետք է լիներ ոչ-ոքի։ Խաղից հետո ես մտա հանդերձարան և տեսա, որ տղաները տխուր էին։ Չկար ոչ մի ուրախություն, որ ոչ-ոքի են խաղացել ու մեկ միավոր վաստակել։ Կեցցեն մեր տղաները և գոհ եմ նրանց խաղից։ Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ամենակարևորը, որ կա մարզչական շտաբի հանդեպ վստահություն։ Նրանք լսում ու կատարում են հրահանգները, դա հաճելի է: Ես չեմ մարզում Ֆրանսիայի կամ Բրազիլիայի հավաքականը, որոնց մարզիչները կարող են իրենց թույլ տալ չլարվել։ Մարզում եմ Հայաստանի հավաքականը։ Ես լարված եմ, ես անհանգստանում եմ խաղի արդյունքի համար, որովհետև եկել եմ այստեղ, որ օգնեմ Հայաստանին, հայ ժողովրդին, որն ինձ շատ լավ է վերաբերվում։ Նաիր Տիկնիզյանի համար դժվար էր, նա մեծ աշխատանք էր կատարում, իր դիրքի վրա անընդհատ գրոհ կար։ Չի կարելի մի հոգու մեղադրել։ Սխալը շղթայական էր։ Գոլային փոխանցումը Տիկնիզյանն արեց չէ։ Դրանից առաջ էլ Լատվիայի դարպասն էր գրավել։ Ֆուտբոլ է։ Մարդիկ, իհարկե, սխալվում են, հոգնում են։ Ես երբեք չեմ մեղադրի իմ ֆուտբոլիստին։ Շնորհակալություն եմ հայտնել նրան խաղի համար։ Նա ինքն էլ ամեն ինչ հասկանում է, տխուր նստած էր։ Ամբողջ սրտով նրան հաջողություն եմ մաղթում Խորվաթիայի դեմ խաղում։Թուրքիայի հավաքականը գնդակին ավելի շատ էր տիրում, նրանք իրենց ֆուտբոլիստների գներով գերազանցում էին մեզ, մենք, չեմ թաքցնի, խաղում էինք արդյունքի համար։ Յուրաքանչյուր թիմի պիտի օգտագործի այն, ինչ ունի։Վահան Բիչախչյանը փոխարինվեց, ոչ թե, օրինակ, Լուկաս Սելարայանը, որովհետև ես գլխավոր մարզիչն եմ և ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը։ Մի տեղ սխալվում եմ, մի տեղ ճիշտ դուրս գալիս։ Ճիշտ չէ, երբ մարդիկ հանգիստ բազմոցին նստած, որոշում են՝ մարզիչը ճիշտ փոխարինում է անում, թե սխալ»,- խաղից հետո ասել է Պետրակովը։ Ընդամենը երկու օր անց Հայաստանի հավաքականը Երևանում մրցելու է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հետ։ Ինչ խոսք շատ ավելի լավ կլիներ, որ այդ խաղին մոտենայինք հաղթանակած, բայց․․․։ Պայքարը շարունակվում է և մեր գլխավոր նպատակը «Հանրապետական» մարզադաշտում երեք միավոր վաստակելն է։ Այո, սպասվում է ծանր և դժվար խաղ։ Հաջողության հասնելու համար մենք պետք է համախմբվենք Ալեքսանդր Պետրակովի և հավաքականի շուրջ։ Պետրակովը ճիշտ է, մենք ճիշտ ուղու վրա ենք և իրավունք չունենք շեղվելու այդ ուղուց։ Սեպտեմբերի 11-ին Երևանը կարող է և պետք է դառնա հաղթական հանգրվան մեզ համար։ Այս պահին մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Թուրքիան, որն անց է կացրել 5 հանդիպում։ Երկրորդ տեղում Խորվաթիան է, որը երեք խաղից հետո ունի 7 միավոր։ Նույնքան միավոր ունենք նաև մենք, սակայն անց ենք կացրել 4 հանդիպում։ Խորվաթիային հաղթելու դեպքում Հայաստանը լուրջ հայտ կներկայացնի պայքարելու Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար։