
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
12:40 | 2023-09-08
Ժամեր անց Էսքիշեհիր քաղաքում տեղի կունենա 2024 թվականի Եվրոպայի առաջնության Թուրքիա-Հայաստան հանդիպումը։ Խաղ, որը լինելու է համայն հայության ուշադրության կենտրոնում։ Շատերի համար Հայաստան-Թուրքիա ֆուտբոլայի դիմակայությունը պատմական է, մարզական տեսանկյունից սակայն, այսօր մեր ֆուտբոլիստները կանցկացնեն հերթական պաշտոնական մրցավեճը։ Այո, հանդիպումը սովորական չէ, քանզի պայքարելու ենք Թուրքիայի դեմ։ Ընտրական փուլի առաջի տուրում մեր հավաքականը Երևանում ցավալի պարտություն կրեց թուրքերից։ Խաղ, որը կարող էինք չպարտվել։ Ավելի վաղ, 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը երկու անգամ մրցել էր թուրքերի հետ կրելով նույքան պարտություն։ Եկել է ռևանշի ժամանակը։ Այսօրվա դիմակայությունն առաջին հերթին ռևանշի խաղ է։ Մեր ազգային թիմ ունի լավ մարզիչ, զգալիորեն թարմացվել է կազմը։ Անցյալ տարի տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականը ձախողվեց և թվում էր թե անհուսալի վիճակում ենք:
Այս պահին սակայն Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը երկրորդ է ենթախմբում և ժամեր անց կարող է կարևորագույն քայլ կատարել դեպի մեծ նպատակ։ Մեր հավաքականը մոտիվացված է և ունի երկրպագուների աննախադեպ աջակցություն: Այուամենայնիվ, Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը անկախ քաղաքական տարաձայնություններից և հայացքներից, մեկ մարդու պես տղերքի կողքին կանգնել է։ Յուրաքնչյուր երկրպագու, յուրաքանչյուր հայ Երևանից թե Փարիզից, Լոս Անջեցելսից թե Թեհրանից պետք է անթերի կատարի 12-րդ խաղացողի պարտականությունը։ Այո խաղալու ենք դրսում, բայց այնուամենայնիվ մարզադաշտում թուրքերի տոտալ ճնշման պայմաններում տղերքն ունենալու են մեր աջակցության կարիքը։ Կարգով ավելի բարձր մրցակցին մենք կարող ենք հաղթել ունենալով այդ մեկ խաղացողի առավելությունը։ Այսօր խաղադաշտ դուրս եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր հերթին պարտավոր է ապացուցել, որ մեր հավաքականում դրական փոփոխություն, այնուամենայնիվ, տեղի են ունեցել: Ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստը պետք է գիտակցի, որ խաղից հետո հաշվետու է երկրպագուին: Սա ամենևին չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղում մեր հավաքականը պարտավոր է հաղթել: Պարզապես պետք է խաղալ այնպես, որ սեփական խղճի առաջ մաքուր լինելով, պարզ ճակատով կարողանաս շնորհակալություն հայտնել աջակցության համար: Ցավոք, եղել են նախադեպեր, երբ մեր ֆուտբոլիստները «գլուխները կախ» շտապել են դեպի ավտոբուսը: Ինչևէ, եղած եղած է, և հիմա ժամանակը չէ խոսելու նեգատիվ երևույթների մասին, որոնք անցյալում են: Վերջին օրերին շատ էր խոսվում գլխավոր մարզչ Ալեքսանդր Պետրակովի դերի մասին: Այո, մարզչից շատ բան է կախված, և կան մասնագետներ, որոնք կարճ ժամանակում բարձր արդյունքներ են ապահովել:
Այս պահին, սակայն, մեր իրականությունում առաջնահերթը ֆուտբոլիստների ենթագիտակցությունն է: 2007 թվականին Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հանդիպումներ անցկացրեց Լեհաստանի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Մեր ֆուտբոլիստները խաղադաշտում ներդրեցին ողջ ներուժը և, կարելի է ասել, գլխից վեր ցատկեցին: Այդ հանդիպումներում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների ենթագիտակցության մեջ լուսահոգի մարզիչ Յան Պորտերֆիլդն էր, որը տառապում էր քաղցկեղով, սակայն ծանր վիճակում, մահվան շեմին կանգնած էր Հայաստանի հավաքականի կողքին: Այսօր այն բացառիկ դեպքերից է, երբ հասարակությունը կանգնած է ազգային հավաքականի կողքին: Այսօր մեր ֆուտբոլիստներն ունեն հնարավորություն՝ ապացուցելու, որ լուսավոր հասարակության մի մասնիկն են:
Քննությունը պատշաճ կերպով հանձնելու համար կան նախադրյալներ: Այո, կան խնդիրներ, որոնք կապված են պաշտպանության հետ։ Նման խնդիրներ լինելու են միշտ: Այսօր մեր խնդիրն է ոչ թե խնդիրների մասին հիշատակելը, այլ խնդիրները հաղթահարելով արդյունքի հասնելը: