«Միջանցքի» ծուղակը

«Միջանցքի» ծուղակը

Հայաստանում լայն արձագանք գտավ ԵԱՏՄ վեհաժողովի ընթացքում Փաշինյան-Ալիև այսպես ասած բանավեճը, երբ «զանգեզուրյան միջանցք» ձևակերպումն օգտագործած Ալիևին հակադարձեց Հայաստանի վարչապետը, ընդհատելով ՌԴ նախագահ Պուտինի խոսքը: Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե կա որևէ միջանցք, բացի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված Լաչինի միջանցքից, իսկ Հայաստանը պատրաստ է բոլոր հաղորդուղիների բացման, սակայն մենք դրա բանաձևը դիտարկում ենք «հայկական խաչմերուկի» շրջանակում: Այստեղ սակայն կա մեկ այլ, կարևոր, թերևս կարևորագույն հարց, որի վերաբերյալ Հայաստանում կամ չի խոսվում, կամ՝ խիստ հազվադեպ: Տեսարանային իմաստով յուրաքանչուրը կարող էր ԵԱՏՄ վեհաժողովի այդ դրվագում գտնել իրեն գոհացնող որևէ բան, ըստ քաղաքական ճաշակի կամ հայացքի, սակայն Հայաստանի համար թերևս տեղի է ունենում խորքային առումով վտանգավորը՝ մենք հայտնվում ենք «միջանցք-չմիջանցք» ձևակերպումների ծուղակում, ըստ էության հեռանալով հարցի ու խնդրի էությունից, որը իրականում Հայաստանի հանրապետության առաջ կանգնած թերևս լրջագույն խնդիրներից մեկն է, եթե ոչ գերխնդիրը: Խոսքը Սյունիքի հաղորդակցային աշխարհաքաղաքական նշանակության մասին է, որտեղ հայկական ուշադրությունն այսօր կենտրոնացած է «միջանցք լինելու՞» է, թե՞ չի լինելու» հարցի ու դրա ներքին ու արտաքին քաղաքական վարիացիաների վրա, մինչդեռ կարևորագույն հարցը թերևս պահանջում է ավելի խորքային ու հեռու դիտարկումներ, կապված այն հանգամանքի հետ, թե՝ իսկ ի՞նչ է լինելու: Որովհետև, ինչ չի լինելու կամ ինչ թույլ չենք տալու, ինչ կարմիր գիծ է, կարծես թե խոսվում է շատ թե քիչ պարզ, բայց ինչ որ բան այդուհանդերձ լինելու է՝ հաղորդակցության ինչ որ ռեժիմ լինելու է, քանի որ դա գործնականում աշխարհաքաղաքական, ոչ թե ադրբեջանական կամ ադրբեջանա-թուրքական, կամ ռուսական, կամ ռուս-թուրքական, կամ բրիտանա-թուրքական ցանկություն ու պահանջ է (թվարկեցի այդ առնչությամբ շրջանառվող հիմնական ձևակերպումները կամ վարկածները): Հաղորդակցության անհրաժեշտությունը արձանագրում են բոլորը: Ամեն մեկն ունի իր պատկերացումը, ցանկությունը, ռազմավարությունը, բայց պահանջվածություն կա ամենուր, հետևաբար Հայաստանի համար խորքային մտորումի թեմա է այն, թե՝ իսկ ինչ է լինելու, ու այդ որևէ լինելու պարագայում Հայաստանն ինչ մարտահրավերներ է ունենալու: Որովհետև, բաց հաղորդակցությունն ինքնին ոչ միայն հնարավորությունների, այլ նաև ռիսկերի ու տարաբնույթ մարտահրավերների ազատ տեղաշարժ է՝ կոշտից մինչև փափուկ ուժի տրամաբանությամբ: Իսկ այստեղ Հայաստանը ունի իսկապես լուրջ քննարկումների և մտորումների կարիք, որովհետև կենտրոնացած լինելով կոշտ ուժի մարտահրավերների շուրջ խոսակցության և հիմնականում տեղեկատվա-քարոզչական շրջանառության վրա, մենք իսպառ կկտրված ենք փափուկ ուժով բխող մարտահրավերների ընկալումից, որոնց հետևանքները իրականում զգալի են լինում սովորաբար դանդաղ, այսպես ասած անզգայացման մեխանիզմով, բայց հանրագումարում ինչ որ պահից դառնում են ոչ պակաս ցավոտ իրականություն, թեկուզ դե ֆակտո: Այս հարցերը թերևս հրամայական են Հայաստանի տնտեսական, քաղաքական ու նաև մշակութային էլիտաների համար, եթե իհարկե դրանք որպես այդպիսին կան, այլ ոչ թե կա այդ կարգավիճակով պարզապես պարզունակ ռազմա-հայրենասիրության կամ աշխարհաքաղաքական երկրպագու-քաղքենիության պարզունակ միջավայր: