ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է ՌԴ-ի միջուկային զենքի տեղափոխումը Բելառուս

ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է ՌԴ-ի միջուկային զենքի տեղափոխումը Բելառուս

ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է Մինսկի և Մոսկվայի միջև ռուսական մարտավարական միջուկային զենքի` Բելառուս տեղափոխելու շուրջ պայմանավորվածությունը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: «Սա անպատասխանատու գործելակերպի հերթական օրինակն է, որը մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինա նրա լայնամասշտաբ ներխուժման պահից ի վեր», - ասել է դիվանագետը: Նա նախազգուշացրել է, որ հակամարտությունում քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի կիրառումը «լուրջ հետևանքներ» կունենա։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը դեռևս հիմքեր չի տեսնում սեփական միջուկային ուժերի պատրաստականությունը վերանայելու համար և որևէ նշան չի նկատել, թե Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է միջուկային զենք կիրառել։ «Մենք պատճառ չենք տեսնում մեր ռազմավարական միջուկային ներուժը վերափոխելու համար», - ընդգծել է Միլլերը: Այս հայտարարությունից ժամեր առաջ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում հայտարարել էր, որ ռուսական մարտավարական միջուկային զենքն սկսել է տեղափոխվել երկիր։ «Հարկավոր էր տարածքներ պատրաստել պահելու համար և այլն: Մենք արել ենք այդ ամենը: Ուստի սկսվել է միջուկային զինամթերքի տեղափոխումը: Արդեն սկսվել է», - հայտարարել էր նա։