Ռուսաստանը Մեծ Եվրասիա է տեսնում, որտեղ Ադրբեջանին վերապահվում է կարևոր դերակատարություն. Վահրամ Աթանեսյան

Ռուսաստանը Մեծ Եվրասիա է տեսնում, որտեղ Ադրբեջանին վերապահվում է կարևոր դերակատարություն. Վահրամ Աթանեսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ,քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։ - Չնայած ռուսական որոշ լրատվամիջոցների հրապարակումների, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չստորագրվեց, հանդիպումն էլ տևել է ընդամենը 20 րոպե։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասին, արդյոք կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։ -Մոսկվայում մայիսի 25-ին հայ-ադրբեջանական հարաբերությունները դիտարկվել են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին Ադրբեջանի նախագահի առկա, Ուզբեկստանի և Տաջիկստանի առաջնորդների հեռավար մասնակցության համատեքստում։ Սա աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություն է։ Ռուսաստանը Մեծ Եվրասիա է տեսնում, որտեղ Ադրբեջանին վերապահվում է կարևոր դերակատարություն։ Ադրբեջանը կպահպանի՞ եվրասիական մերձեցման դինամիկան՝ սա է Ռուսաստանի համար կարևորը։ -Տպավորություն է, որ Մոսկվան և արևմուտքը՝ Բրյուսելն ու ԱՄՆ-ն կիսել են բանակցային օրակարգը և արևմուտքում քննարկվում է թե՛ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցը և թե՛ հումանիտար խնդիրները, մինչդեռ մոսկովյան հիմնական օրակարգը հաղորդակցությունների ապաշրջափակումն էլ, որի շուրջ էլ առաջիկայում նոր հանդիպում կլինի։ Հնարավո՞ր է օրակարգ կիսելով ընդհանուր լուծում գտնել։ Կողմերի անտագոնիզմն ինչքանո՞վ կխանգարի այդ լուծմանը հասնելուն։ -Դժվար է հաստատել կամ հերքել նման տպավորությունը։ Արդեն ասացի, որ Մոսկվայում հայ-ադրբեջանական կարգավորում չի քննարկվել։ Ռուսաստանը միայն հասկացրել է, որ սահմանազատման և տրանսպորտային կոմունիկացիաների հարցերում դոմինանտն ինքն է և այդ բացառիկ դերը չի զիջելու։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Մոսկվային հետաքրքրում է այնքանով, որքանով խաղաղապահ զորախումբ ունի, որի մանդատը փորձում է ճշտել և երկարաձգել ներկայության ժամկետը։  -«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որ իր ելույթում օգտագործեց Ալիևը, երեկ բանավեճի առարկա դարձավ հենց նիստի ընթացքում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելու, որ այդ կերպ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ներկայացնում: Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ տարածքայի նկրտումներ Հայաստանի նկատմամբ չունեն:Ալիևի շարունակական պնդումներն ի՞նչ արդյունք կունենան, արդյոք այս հարցում Հայաստանը կունենա Մոսկվայի աջակցությունը։ --Ալիևը մի կարևոր բացահայտում արեց։ Նրա խոսքի հասցեատերը, կարծում եմ, Ռուսաստանի նախագահն է։ Նա ասում է, որ Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության հարցում իր համաձայնությունը կախված է նրանից, թե որքանով Մոսկվան Ադրբեջան-Նախիջևան հաղորդուղիների հարցում սկզբունքային կգտնվի։ Սա է, իմ ընկալմամբ, Պուտին-Փաշինյան-Ալիև «լեզվակռվի»  իմաստը։ -Ստեփանակերտի կոշտ դիրքորոշումը օգնո՞ւմ է պաշտոնական Երևանին բանակցություններ վարելիս, թե՞ առաջիկայում գործ կունենանք մի իրավիճակի հետ, երբ Ստեփանակերտը կհայտարարի, որ չի ճանաչում Հայաստանի որոշումը/ստորագրությունը Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ -Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կանխորոշում Արցախի կարգավիճակը։ Ստեփանակերտի դիրքորոշումը լիովին արդարացված է, ներգրավում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին։ Կարծում եմ, առաջիկայում քաղաքական այդ դիրքորոշումը կունենա իրավական հստակ ձևակերպում։