Հայաստանի աջ ձեռքը չի՞ իմացել, թե ինչ է անում ձախը. լռությունն այստեղ առավել օգտակար է

Հայաստանի աջ ձեռքը չի՞ իմացել, թե ինչ է անում ձախը. լռությունն այստեղ առավել օգտակար է

Այդպիսի հարցերը չեն լուծվում մի քանի ամսում կամ մեկ-երկու տարում, դրանց համար պետք է երկար ժամանակ ու շատ աշխատանք: Այդ միտքը Նիկոլ Փաշինյանի պատասխանն էր նրա մեծ ասուլիսի ընթացքում հնչած հարցի, որը վերաբերում էր Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին, որի վերաբերյալ Հայաստանի՝ Հնդկաստանին արված առաջարկի մասին գրել էր հնդկական Էկոնոմիստը, ասելով, որ այդ առաջարկը հնչեցրել է հայկական պատվիրակությունը, որը Հնդկաստանում էր այն օրերին, երբ Դելի էր այցելել նաև Հայաստանի արտգործնախարարը: Այս տեղեկությունը ինքնին ուշագրավ էր: Ուշագրավ էր նրանով, որ հնդկական պարբերականի տեղեկությունից ստացվում էր տպավորություն, որ առաջարկը և արտգործնախարարը չեն ունեցել կապ և հայկական պատվիրակությունը, որ առաջարկել է Հնդկաստանին այդ տրանսպորտային երթուղու հարցը, այսպես ասած կապ չի ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ: Հարց է առաջանում, թե ի՞նչ պատվիրակության մասին է այդ դեպքում խոսքը: Մամուլից հայտնի է, որ այդ օրերին Հնդկաստանում էր խորհրդարանական պատվիրակություն, որը Հնդկաստան էր ժամանել արտգործնախարարից առաջ: Ինքնին, Հայաստանի առաջարկի մասով պատկերը բավականին խրթին է: Ի վերջո, տրանսպորտային այդ միջանցքի մասին դեռևս 2021 թվականին Երևանում խոսել է Հայաստան ժամանած Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, ընդ որում բավականին բաց տեքստով, խոսելով Հնդկաստան-Իրան-Հայաստան և հետո Վրաստան ու սև ծով երթուղու մասին: Այդ պարագայում տարօրինակ է, երբ 2023-ին հանկարծ հայկական պատվիրակությունն է գործնականում առաջակում Հնդկաստանին մի բան, որ Հնդկաստանը Երևանում բարձրաձայնել էր դեռևս 2021-ին՝ արտաքին գործերի նախարարի մակարդակով: Միևնույն ժամանակ, հնդկական պարբերականը խոսելով Երևանի պատվիրակության առաջարկի մասին, չի նշում, որ առաջարկն արել է արտաքին գործերի նախարարը, այլ պատվիրակություն, որը Հնդկաստանում է եղել նախարարի այցին զուգահեռ, կամ որի այցի ժամանակ Հնդկաստանում է եղել նաև նախարարը: Համենայն դեպս տպավորություն է, որ խորհրդարանական այդ պատվիրակությունն ու արտաքին գործերի նախարարը «տեղյակ չեն եղել» միմյանցից, կամ աջ ձեռքը չի իմացել, թե ինչ է անում ձախը: Բարեգործության հարցում դա կտակարանային հիանալի բանաձև է, բայց դա ամենևին չի կարող լինել պետական դիվանագիտության արդյունավետ բանաձև: Եվ այն, ինչ օրինակ բարձրաձայնում է Փաշինյանը, ի պատասխան լրագրողների հարցի՝ որ այդօրինակ թեմաները պահանջում են շատ երկար ժամանակ ու աշխատանք, կարծես թե հուշում է, որ Երևանին այնքան էլ չի ոգևորել այն, ինչ հանրայնացրել է հնդկական պարբերականը: Իսկ այդ հանգամանքը դիտարկելիս արժե հիշել նույն Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած մեկ այլ միտք,, կապված Հնդկաստանից Հայաստանի սպառազինական գնումների թեմայի հետ, երբ վարչապետ Փաշինյանը նկատել էր, թե՝ դեռ մեծ հարց է, որքանով են մամուլի հրապարակումները օգտակար այդ գործում: Իսկ խոսքը դարձյալ հնդկական մամուլ սպրդող հրապարակումների մասին էր: Իսկ այն, որ հսկա Հնդկաստանում մեդիադաշտում կարող են լինել ամենատարբեր քաղաքական ու տնտեսական խաղացողներ, ոչ միայն զարմանալի չէ, այլ միանգամայն բնական է ցանկացած մեծ երկրի համար: Ավելին, անգամ փոքր Հայաստանի մեդիադաշտում է այդպիսի խառը պատկեր: Այդպիսով, տպավորություն է, որ Հայաստանի վարչապետն այնքան էլ գոհ չէ թեմայի հանրայնացումից, նկատի ունենալով դրա թե  տարողունակությունը, թե բարդությունը, թե աշխատատարությունը, ինչը թերևս բերում է եզրահանգման, որ այդ թեմայով աշխատելու առնչությամբ շատ ավելի ցանկալի է հնարավորինս լուռ միջավայրը: Իսկ այն, որ աշխատանքը այդ ուղղությամբ պետք է,  ու ոչ միայն Հնդկաստանի, այլ նաև այդօրինակ երթուղով շահագրգռություն ունեցող մի շարք այլ սուբյեկտների հետ, կասկածից վեր է: Բայց նաև պետք է բոլոր կարգի պետական ինստիտուտնների ու պատվիրակությունների համակարգված, համադրված աշխատանքը, որպեսզի աջ ու ձախ ձեռքերը, ինչպես նաև գլուխը գործեն միանգամայն համադրված և փոխկապակցված, կասկածից վեր է: